Saturday, December 22, 2012

Դուք ուղղակի դիլետանտ եք, շատ ու շատ հեռու կանգնած հայկական սպորտից. Արսեն Ջուլֆալակյանի պատասխանը լրագրողին


Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանըֆեյսբուքայն էջում արձագանքել է lurer.com-ի հրապարակմանը, որի հեղինակը գրում է, թե Լոնդոնի Օլիմպիական խաղերում վիճակահանության ցանկալի արդյունքի համար հայկական կողմը գումար է տվել:
«Անդրադառնամ նյութին, ավելի ճիշտ «լրագրողին», որի «շնորհիվ» իմ մոտ ծագեց այդ միտքը՝ կապված «դավաճան լրագրող» մրցանակաբաշխության անհրաժեշտության հետ…
Հարգելի Լուսինե, մտածում եմ ու չեմ կարողանում ոչ մի կերպ հասկանալ Ձեր տրամաբանությունը: Թե ինչու է Ձեր մտքով անցել, որ ես ի զորու չեմ ինքնուրույն վաստակել Օլիմպիական մեդալ` լինելով Եվրոպայի չեմպիոն եւ Աշխարհի գավաթակիր, մարզիկ, ով 2002 թվականից ամեն տարի Հայաստանի Հանրապետության համար Եվրոպայի եւ Աշխարհի առաջնություններից մեդալներ է նվաճել: Կամ թե ինչու եւ ինչպես կարող է նախարար Ռոստոմյանը ինչ որ խարդախ քայլի դիմել, այն էլ Օլիմպիական խաղերի ժամանակ:
Ձեր գրած հոդվածից մի բան է ինձ հասկանալի, Դուք ուղղակի դիլետանտ եք, շատ ու շատ հեռու կանգնած հայկական սպորտից: Քանի որ Դուք հակառակ սեռն եք ներկայացնում, իսկ իմ սկզբունքներում չկա կանանց ու աղջիկներին նեղացնել, ի տարբերություն Ձեզ՝ ես ձեռնպահ կմնամ վիրավորելուց: Թե՞ Դուք չեք էլ գիտակցել, որ մեծ վիրավորանք եք հասցնում տարիներ շարունակ քրտնաջան մարզված ու ի վերջո Օլիմպիական մեդալի արժանացած մարզիկին: Եթե հասկացել եք, բայց գրել այդ նյութը, վատ է, եթե առանց հասկանալու եք գրել՝ կրկնակի անգամ վատ, սակայն, եթե այդ հոդվածը որպես պատվեր եք կատարել, ապա եռակի անգամ վատ է: Այնպես որ, ես լինելով մեծահոգի մարդ, Ձեզ համար ոչ մի արդարացում չեմ կարողանում գտնել: Ցավում եմ Ձեզ համար, շատ եմ ցավում:
Միեւնույն ժամանակ, սակայն, տեղեկացնում եմ, որ ինձ զրպարտելու համար համապատասխան քայլեր եմ ձեռնարկելու, այնպես որ խորհուրդ եմ տալիս պատրաստ լինել պատասխան տալու Ձեր բոլոր գրածների համար: Հիմիկվանից լավ պաշտպան սկսեք փնտրել…
Վերջում, Ձեր ու ձերպեսերի համար, ուզում եմ շեշտել, որ ի տխրություն ձեզ, ես ԴԱՌՆԱԼՈՒ ԵՄ Օլիմպիական չեմպիոն, ԲԵՐԵԼՈՒ ԵՄ ՈՍԿԵ մեդալը Հայաստան, ու թող որ ձերպեսների համար դա տհաճ լինի», – գրել է Արսեն Ջուլֆալակյանը:
Աղբյուրը՝ sport.news.am

No comments:

Post a Comment