Wednesday, May 8, 2013

Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի դեպքում մենք պատրաստ ենք մարտական գործողություններ վարել իր իսկ տարածքում


Հայկական կողմի քայլերը տրամաբանական են մարտերը հակառակորդի տարածք ու հատկապես հարթավայր տեղափոխելու տեսանկյունից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը` մեկնաբանելով REGNUM գործակալության հրապարակումը, թե Հայաստանում ընթանում է զրահատեխնիկայի եւ ՀՕՊ միջոցների լայն արդիականացման գործընթաց:
«Եթե շեշտադրում է կատարվում զրահատեխնիկայի կատարելագործման վրա, իհարկե դա հարձակողական պոտենցիալի զարգացմանն ուղղված հետեւողական քայլերի տրամաբանական շարունակությունն է: Ի դեպ նաեւ վերջին տարիների զորավարժությունների տրամաբանության»,- նշել է փորձագետը:
Նրա խոսքով, իհարկե, հայկական կողմը մարտերը տեղափոխելու է հարթավայր, ինչի համար էլ պատրաստվում է եւ զինվում: «Հենց այս տեսանկյունից է նաեւ տրամաբանական ՀՕՊ միջոցների կատարելագործումը, քանզի հենց նման միջոցներն են պաշտպանում զրահատանկային եւ մեքենայացված զորամիավորումներին շեշտակի հարձակումների ժամանակ հակառակորդի օդուժից: Այո հայկական կողմի քայլերը տրամաբանական են մարտերը հակառակորդի տարածք ու հատկապես հարթավայր տեղափոխելու տեսանկյունից»,- նշել է Գրիգորյանը:
Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցն էլ նշել է, թե առաջին հերթին մենք պիտի հասկանանք մի կարեւոր հանգամանք, թե ինչ խնդիրներ են կատարում տանկերը եւ այլ ավելի թեթեւ զրահապատ մարտական տեխնիկաները: «Եթե մի փոքր վեր բարձրանանք մարտավարական հարթությունից դեպի օպերատիվ, ապա միանշանակ պիտի հասկանանք, որ զրահատեխնիկայի հիմնական գործառույթը զորքերի հարձակողական գործողությունների ապահովումն է: Դրանց կիրառումը պաշտպանությունում կայանում է ընդամենը որպես կրակային միջոց: Սակայն հարձակման ժամանակ զրահատեխնիկայի դերը ուղղակի անգնահատելի է դառնում»,- նշել է փորձագետը:
Նրա խոսքով, այս առումով պիտի հասկանանք, որ եթե հայկական կողմը ձեռնամուխ է լինում զրահատեխնիկայի նման մոդիֆիկացիայի, ապա նշանակում է, որ Հայաստանը եւս մեկ անգամ ուղղակիորեն հայտարարում է, որ ինքը պատրաստվում է պաշտպանել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը իր սահմաններից ինչքան հնարավոր է հեռու: «Այսինքն հակառակորդի կողմից ցանկացած սադրանքի դեպքում մենք պատրաստ ենք մարտական գործողություններ վարել իր իսկ տարածքում: Իմ կարծիքով հիմնական խնդիրը կայանում է սրանում: Ինչ վերաբերվում է Հակաօդային համակարգերի մոդիֆիկացիային, ապա ըստ երեւույթին այստեղ զարմանալու ոչինչ չկա, մենք ինչքան էլ որ այսօր արդյունավետ կերպով ապահովում ենք մեր երկրի օդային սահմանների հսկողությունը, դա միշտ էլ կատարելագործման ու արդիականացման խնդիր ունեն»,- ընդգծել է Պետրոսյանցը:

Աղբյուրը՝ News.am

No comments:

Post a Comment