Friday, March 1, 2013

Ուենդի Էլլիոթն ու Հայաստանը

Կանադացի գրողն իր նոր վեպի դեպքերի զարգացման վայր է ընտրել Հայաստանի Առաջին Հանրապետությունը եւ սպասում է հրատարակմանը Կանադացի գրող Ուենդի Էլլիոթի վեպը, որը վերնագրված է «Դանիել Սարգսյանի մութ հաղթանակը», պատմում է Դանիելի եւ իր տասը տարեկան քրոջ մասին, ովքեր իրենց հարազատներին, բարեկամներին եւ ընկերներին կորցնելուց հետո մազապուրծ են եղել ցեղասպանությունից: Այդ տառապանքների միջով անցնելուց հետո նրանք դեռ պետք է շատ փորձությունների դիմակայեն 1920-ականների Երեւանում: Երբ Դանիելը վերջապես աշխատանքի է ընդունվում հարուստ եւ ազդեցիկ Գագիկ Գասպարյանի մոտ, նա իրեն բախտավոր է զգում: Սակայն մի քանի օրերի ընթացքում նա պարզում է, որ Գագիկը եսասեր, բռնություն կիրառող եւ դաժան անձնավորություն է: Դեռ մեկ շաբաթ չանցած, Դանիելը հայտնվում է վտանգավոր իրավիճակում, որը զուգակցվում է խաբեություններով, հանցագործություններով, կաշառքով եւ ազգի դավաճանությամբ: Մի քանի ամիսների ընթացքում, անկախ իր կամքից, նա ներքաշվում է լրտեսության եւ մարդասպանության մեջ:
Հայտնվելով Օսմանյան Կայսրության հետ մահացու պայքարի, Սովետական Բանակի, եւ նոր հանրապետության դեռեւս նոր ծիլ տված լավատեսության արանքում, Դանիելը գնում է ժամանակին ընդառաջ, որպեսզի պաշտպանի իր քրոջը, բացահայտի Գագիկի սատանայական մութ գործերը՝ փորձելով այդ ամենի արանքում պահպանել իր անաղարտությունը: Վեպը, որը հրապարակվելու է եւ՛ որպես տպագիր գիրք, եւ՛ որպես էլեկտրոնային գիրք անգլերեն եւ հայերեն լեզուներով, իր մեջ ներառում է Հայաստանի Առաջին Հանրապետության մայրաքաղաք Երեւանի պատմական եւ աշխարհաքաղաքական պատկերը, որը կարող է նորություն լինել նույնիսկ շատ հայերի համար: Այն նաեւ շատ հետաքրքիր պատմություն է, որը նկարագրում է, թե ինչպես են աշխարհաքաղաքական փոփոխությունները տեղի ունեցել տարածաշրջանում եւ թե ինչքան անօգնական էին փոքր ազգերը եւ երիտասարդները: Համաշխարհային գրականության մեջ Հայաստանի մասին վեպեր գրեթե չեն հանդիպում: Տիկին Էլլիոթը նախաձեռնել է մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող ինտերնետային դրամահավաքի արշավ, որը տեւելու է մինչեւ 2013թ. մարտի 8-ը, եւ վեպի անվճար օրինակ է տրամադրում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումը կունենան այս գրքի հրատարակման հարցում: Իր ընկերները եւ ընտանիքի անդամներն արդեն նվիրաբերել են գրքի հրատարակման համար անհրաժեշտ գումարի 30%-ը, եւ նա հույս ունի, որ հայերը, հատկապես սփյուռքի հայերը, նույնպես ցանկություն կունենան, որ այս նովելը լույս տեսնի:

Այս հղումով կարող եք ծանոթանալ գումարը փոխանցելու ձեւերին:

«Առավոտ» օրաթերթ 

No comments:

Post a Comment