Thursday, March 28, 2013

Արթուր Աբրահամ. Ուժասպառ չէի եղել, ես տրամադրված էի հաղթելու, բայց Շտիգլիցի ձեռնոցի բութ մատը մտավ աչքս


«Երբ մրցավարը դադարեցրեց մենամարտը, ես անակնկալի եկա: Չէի սպասում նման արդյունքի, ես տրամադրված էի հաղթանակի: Ես միայն աչքի վնասվածք ստացա եւ տեխնիկական նոկաուտով պարտվեցի: Մենամարտի դադարի պահից մտածեցի ռեւանշ պահանջելու մասին»:
Այս մասին ասել է սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, Արթուր Աբրահամը, ով մարտի 22-ին տեխնիկական նոկաուտով պարտվեց Ռոբերտ Շտիգլիցին։ 

Արթուր, ինչպե՞ս է տրամադրությունդ: 
Լավ, շնորհակալություն: Ցավում եմ, որ այս մենամարտում չարդարացրի իմ մարտարվեստի երկրպագուների սպասելիքները, կաշխատեմ շտկել այս բացթողումս:
Ինչպե՞ս է առողջական վիճակդ: 
Լավ եմ, առողջական որեւէ խնդիր չունեմ:
Ի՞նչ էր պատահել աչքիդ:
Աչքիս որեւէ լուրջ բան չի պատահել, տեսողական խնդիր չունեմ, պարզապես ակնախոռոչն ուռել էր եւ փակել ակնաբիբը:
Մենամարտից հետո եղա՞վ հիվանդանոց գնալու անհրաժեշտություն։
Գնացի հիվանդանոց, լրացուցիչ ստուգում անցա:
Արթուր, ռեւանշ-մենամարտը Շտիգլիցի հետ ինչպե՞ս կմեկնաբանես: 
Լավ պատրաստվել էի այս մենամարտին:  Բայց բռնցքամարտում անկանխատեսելի երեւույթներ հաճախ են պատահում: Շտիգլիցի հարվածից նրա ձեռնոցի բութ մատը մտավ աչքս, դրանից ուռեց ակնախոռոչս եւ բժիշկը դադարեցրեց մարտը: Աչքը կարեւոր օրգան է, աչքի վնասվելու դեպքում վտանգավոր է մենամարտը շարունակելը: 
Համարո՞ւմ ես, որ այս մենամարտում դու պարտվեցիր: 
Այս մենամարտում ես աչքի վնասվածք ստացա, մրցավարները դադարեցրին մարտը, հայտարարվեց տեխնիկական նոկաուտ եւ հաղթանակը շնորհվեց Ռոբերտ Շտիգլիցին: 
Եթե բժիշկները զննեին եւ չդադարեցնեին մենամարտը, դու կարո՞ղ էիր հաղթանակով ավարտել այսմենամարտը, թե՞ արդեն վնասվածքդ ուժասպառ էր արել քեզ: 
Ուժասպառ չէի եղել, ես տրամադրված էի հաղթելու:
Առաջին երկու ռաունդներում դու միայն պաշտպանվում էիր, պատասխան հարվածներ չէիր հասցնում:Դա քո տակտիկա՞ն էր, թե Շտիգլիցը հարվածելու հնարավորություն չէր տալիս իրարագաշարժությամբ: 
Դա իմ մարտավարությունն է, ես նախ մի քանի ռաունդ պաշտպանվում եմ, ապա սկսում եմ ուժգին հարվածել:
Երբ մրցավարը կանգնեցրեց մենամարտը,  դու անակնկալի եկար: Ի՞նչը քեզ անակնկալի բերեց: 
Չէի սպասում նման արդյունքի, մրցավարի որոշումն ինձ անակնկալի բերեց:
Արթուր, երբ մրցավարը հայտարարեց, որ մենամարտի հաղթողը Ռոբերտն է, ի՞նչ զգացիր այդ պահին:Ի՞նչ կատարվեց քեզ հետ այդ պահին: 
Անմիջապես որոշեցի ռեւանշ պահանջել:
Իսկ աչքդ վնասելու համար, Շտիգլիցը քեզանից ներողություն կամ ինչ-որ բան ասե՞լ է մենամարտիցհետո: 
Ոչ:
Ե՞րբ ես նախատեսում անցկացնել երրորդ մենամարտը Շտիգլիցի հետ: 
Դեռ հայտնի չէ, դրա վերաբերյալ պետք է մեր թիմերը համաձայնության գան:
Քո անձնական մարզիչը Sportbox.ru-ին տված մեկնաբանությունում ասել էր, որ նա նախապես տեղյակէ եղել Շտիգլիցի տակտիկային եւ տեխնիկային: Ի՞նչ կասես այդ մասին: 
Ես եւ մարզիչս մենամարտերից առաջ դիտում ենք մրցակիցների նախորդ մենամարտերի տեսագրությունները եւ ըստ դրա մարտավարություն մշակում:
Վստա՞հ ես, որ երրորդ ռեւանշ մենամարտի դեպքում աշխարհի չեմպիոնի գոտին կվերադառնա քեզ: 
Ես ամեն անգամ ռինգ եմ գնում` հաղթելու նպատակով: Այժմ իմ եւ Շտիգլիցի հաշիվը 1:1 է: Մեր երրորդ մենամարտը կլինի որոշիչ:
Քեզ հաջողություն եմ մաղթում առաջիկա մենամարտում:
Շնորհակալություն:  

Աղբյուրը՝ sport.news.am

No comments:

Post a Comment