Friday, May 18, 2012

Կիրո Մանոյանը համաձայն չէ Արծվիկ Մինասյանի հետ

Tert.am-ում գրում են.


Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի Հայ դատի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը չի կիսում իր կուսակից Արծվիկ Մինասյանի համոզմունքը, թե Երևանի Փարպեցի փողոցի վրա գտնվող և նույնասեռականների հավաքատեղի համարվող DIY ակումբում պայթյուն կազմակերպող հայ երիտասարդները «շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համար ճիշտ ձևով»։
Facebook սոցիալական ցանցի իր անձնական էջում Կիրո Մանոյանը, պատասխանելով լրագրող Վահան Իշխանյանի հարցին, գրել է, որ համարում է, որ մեր երկրում ոչ ոք՝ ո՛չ սովորական անհատ-քաղաքացի և կամ իշխանավոր-իրավապահ, ուրիշի վրա բռնանալու իրավունք չունի։
«Այլապես՝ եթե յուրաքանչյուրս իր կարծիքների, նախասիրությունների կամ ատելությունների համար սկսի բռնություն կիրառել աջ ու ձախ՝ կունենանք լրիվ քաոս և անիշխանություն, այլ խոսքով՝ կկորցնենք պետությունը, չի մնա հասարակություն, ժողովուրդ, ազգ և դրանց հետ կապված ամեն ինչը։ Ինչ-ինչ պատճառաբանություններով անհանդուրժողական մոտեցումով՝ չի կարելի ազատ քաղաքացիների արդար երկիր կառուցել»,– գրել է Մանոյանը։
Հիշեցնենք, որ դաշնակցական Արծվիկ Մինասյանն Panorama.am կայքին ասել էր, որ «տվյալ դեպքում համոզված եմ, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համար ճիշտ ձևով»։
Անդրադառնալով, DIY ակումբ պայթուցիկ նետած երկու երիտասարդների խափանման միջոցի հարցին, Արծվիկ Մինասյանը նաև ասել էր, որ ինքը մշտապես դեմ է եղել կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն և այս դեպքում առավել ևս կողմ է, որպեսզի որպես խափանման միջոց օգտագործվի գրավի դիմաց ազատ արձակումը:
Միաժամանակ, Կիրո Մանոյանը դեմ է հարցը քաղաքականացնելու և այն ՀՅԴ-ի հետ կապելուն, ինչի մասին հայտնել էր հայտնի ակումբի տիրուհին՝ Ծոմակը՝ նշելով, որ ՀՅԴ-ն է կանգնած այդ ակցիաների հետևում:
Կիրո Մանոյանի տպավորությամբ՝ հանդուրժողականության անունից հանդես եկողները հենց իրենք են կանխակալ անհանդուրժողականություն ցուցաբերում այն պատճառով, որ «խնդրին առնչվողներից ոմանք ՀՅԴ-ի անդամ են»:
Սա, ըստ Մանոյանի, նույնն է, «թե այդ մարդկանց ազգությամբ հայ կամ քրիստոնյա լինելու համար մեղադրեն ամբողջ հայությանը և բոլոր քրիստոնյաներին»:
Դաշնակցական գործչի գնահատմամբ՝ այս միջադեպը որոշ շրջանակների համար հարմար առիթ դարձավ մի կողմից հասարակության գոնե մի հատվածի ուշադրությունը շեղելու «երկրում առկա բազմաթիվ և ծանրակշիռ խնդիրներից», մյուս կողմից՝ հարվածի տակ դնելու Դաշնակցությանը։
Մանոյանի խոսքով՝ ՀՅԴ–ն, որը եղավ «խորհրդարանական ընտրություններից աթոռների տեսքով ամենաշատ կորցնողը, բայց շնորհիվ վարած լավ քարոզարշավի՝ «կարևոր ընտրախավ ձեռք բերեց»։
Կիրո Մանոյանը նկատում է.«ՀՅԴ-ի դեմ այս քարոզչությունը հասավ նրան, որ դաշնակցական երիտասարդներ սկսեցին հայտարարել՝«եթե ազգդ, հայրենիքդ ու ընտանիքդ ուզում ես պաշտպանել թշնամուց, գ…ից , ու դավաճանից ուրեմն Ֆաշի՞ստ ես: Եթե այդպես է, ապա ես ֆաշիստ եմ, նացիստ ու ցեղակրոն»»:
Նման տեսակետ ունեցող երիտասարդ կուսակիցներին ու մեր համակիրներին Կիրո Մանոյանը հետևյալ խորհուրդն է տալիս. ամենալավն ու ամենաճիշտը դաշնակցակա՛ն լինելն է:
«Այսինքն՝ ազգային, սոցիալիստական, ժողովրդավար և հեղափոխական, ու բոլոր ուժերով պայքարել հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակույթային բովանդակ շահերի պաշտպանության համար, ձգտելով Հայ Դատի լուծմանը.- ամբողջական հայությամբ՝ ամբողջական հայրենիքի կերտմանը»: Այլ խոսքով՝ հակաֆաշիստ, հականացիստ ու ո՛չ ցեղակրոն։
Դաշնակցականը նաև խորհուրդ է տալիս տուրք չտալ ուրիշների քարոզչությանը և ընկնել իրենց լարած թակարդը գործածելով իրենց կարծրատիպերը:
Պարզվում ՝ այս հարցը արձագանք է գտել նաև Սփյուռքում, հատկապես՝ Հյուսիսային Ամերիկայում, և այն, ըստ Կիրո Մանոյանի, «ազդված է տեղի քաղաքական մթնոլորտից, քաղաքական օրակարգից»։
Պարզվում է՝ Հյուսիսային Ամերիկայում արձագանքողների մեջ էլ կան երկու խմբեր, որոնցից առաջինը, ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի ղեկավարի գնահատմամբ՝ փորձում է առիթից օգտվել և ՀՅԴ-ի դեմ իր կեցվածքը «հիմնավորել», մյուսը՝ «առավելաբար դաշնակցական երիտասարդներ, ովքեր կատարվածների մեջ տեսնում են իրենց անդամակցած կամ համակրած կուսակցության սկզբունքների խախտում»։
Կիրո Մանոյանին հետաքրքրողը այս երկրորդ խումբն է: Այս երիտասարդներին նա խորհուրդ է տալիս չվհատվել, չհիասթափվել և չհուսահատվել, այլ ճիշտ ձևով շարունակել ընդհանուր գաղափարական պայքարը:


No comments:

Post a Comment