Թուրքական ազդեցիկ Taraf պարբերականի գլխավոր խմբագիր Ահմեդ Ալթանն իր «Նախնի» հրապարակով խիստ պատասխան է տվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով քննադատել էր թուրքական պատմական «Հրաշալի հարյուրամյակ» հեռուստասերիալը՝ շեշտելով, թե թուրքերը սերիալում ներկայացված սուլթան Սուելյմանի պես նախնի չեն ունեցել։
Թուրքական մամուլում եւ հասարակության մեջ մեծ արձագանք գտած հրապարակման մեջ Taraf-ի խմբագիրը բավականին համարձակ մտքեր է արտահայտել՝ դուրս գալով թուրքական պետական մտածելակերպի դեմ։
«Մեր «նախնի» ասված բոլոր խալիֆների ու փադիշահների պապերը քրիստոնյա են եղել։ Նրանց մի մասը նույնիսկ քրիստոնյա հոգեւորականներ են եղել։ Վստահ եմ, որ մեր մեջից ոչ մեկ, նույնիսկ վարչապետ Էրդողանը չի կարող ասել, թե ինչ էր սուլթան Սուլեյմանի պապի անունը։
Իսկ ինչո՞ւ էր եկեղեցի գտնվում սուլթանների Թոփքափը պալատում։ Ո՞վ է օսմանցին։ Ասենք, թե գիտեք, թե օսմանները գալիս են քայը ցեղից, իսկ քայը ցեղի մասին ի՞նչ գիտենք։ Քայը ցեղի գոյությունն է նույնիսկ կասկածելի։
Մի քիչ էլ հետ գնանք։ Օսմանները կազմավորվեցին 1299-ին, իսկ թյուրքերը Անատոլիա են եկել 1071-ին։ Ալփարսլանի հետ Անատոլիա քանի՞ թյուրք է եկել։ Բաց թողնենք «թյուրքերն ովքե՞ր են» հարցը։
Այսօր, մենք թուրք կոչված 70 մլն մարդիկ, 1071-ին Ալփարսլանի հետ եկած թուրքերի հարազատ զավակնե՞րն ենք, թե՞ այդ ժամանակ Անատոլիայում ապրող հայերի, բյուզանդացիների, հույների եւ քրդերի համատեղ զավակներն ենք։
Այդ դեպքում ինչպե՞ս է լինում, որ մեր «նախնիները» միայն թուրքեր եւ մահմեդականներ էին։ Մեր նախնիների մեջ բյուզանդացիներ չկա՞ն։
Մենք մեզ համար թուրքական եւ մահմեդական պատմություն ենք հարմարեցնում՝ առհամարելով Անատոլիայի բոլոր ժողովուրդներին եւ հսկա Բյուզանդիային։ Կարծես, թե Անատոլիայում կյանքը սկսվեց Ալփարսլանի գալուց հետո։ Օսմանյան սուլթաններն էլ այդ հարմարեցման մի այլ թեմաներից են։
Մինչեւ հիմա քեմալիստներն էի պատմություն հարմարեցնում, հիմա էլ՝ պահպանողականները (նկատի ունի Էրդողանին-խմբ)։ Ըստ նրանց՝ օսմանյան սուլթանները ձիուց չիջնող, չհամբուրվող, սեռական հարաբերությունների մեջ չգտնվող, գլուխները նամազից չբարձրացնող մարդիկ էին։
Սուլթան Սելիմ 2-րդի մականունը «Հարբած Սուլեյման» էր, իսկ Մուրադ 4-րդը մահացավ ալկոհոլը չարաշահելու հետեւանքով։ Երբեւէ հետաքրքրվե՞լ եք, թե սուլթանների համար ինչքա՞ն խմիչք էր մտնում Ստամբուլ։ Այն ժամանակների ներմուծման մասին տվյալները կան, եթե հետաքրքրվում եք, կարող եք նայել։
Սուլթանների հարեմները լիքն էին կանանցով։ Մի թե՞ այդ հարեմի կանանցից միայն մեկի հետ էր քնում սուլթանը։ Եթե վարչապետի պես պատմությունը հարմարեցնենք, կվառվենք։
Ամեն պետություն ունի իր «պաշտոնական պատմությունը»։ Ամեն հասարակության մեջ պատմական ամոթներ լինելու համար նրանց մի մասը փոխարինում է «պաշտոնական պատմությունը»։
Սակայն մարդուն «չտեղեկացվածությունից» փրկում են արվեստագետները, անկախ պատմաբանները։ Նրանք իրականությունն են ներկայացնում»,-գրել է թուրքական Taraf-ի գլխավոր խմբագիրը։
Նյութը՝ news.am-ից
No comments:
Post a Comment