Tuesday, April 23, 2013

Ասա` ով է ընկերդ, ասեմ` ով ես դու


Ասա` ով է ընկերդ, ասեմ` ով ես դու
Ընկերներ բոլորս ունենք և մեզ լիարժեք ու երջանիկ ինչ-որ չափով զգում ենք նաև նրանց շնորհիվ: Իսկական ընկերները, ինչպես ասում են, երևում են նեղ օրերին: Թե մեր պաշտոնյաներն ու մեծահարուստները որքան հաճախ են «նեղ» օրեր ունենում, չենք կարող ասել, բայց որ իրենց շրջապատում գրեթե նույն կարողությունների տեր անձինք են, փաստ է:
Աղքատն ընկերություն է անում աղքատի հետ, պաշտոնյան` պաշտոնյայի, մեծահարուստն էլ՝ մեծահարուստի: Բացառություններ լինում են, բայց շատ հազվադեպ:
Ընկերության մասին խոսելիս, ակամայից հիշում ենք հին ու բարի ասացվածքը. «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ` ով ես դու»:
Բնականաբար ասել, որ ընկերությունը որոշվում է միայն ֆինասնական կարողությամբ, նույնպես սխալ է: Ընկերոջն ընտրում են նաև միևնույն մտահորիզոնի, զարգացվածության մակարադակի և հետաքրքրությունների շրջանակներին համապատասխան:
Իսկական ընկերները լինում են պարզ ու անկեղծ, միմյանց վստահում և աջակցում են ցանկացած հարցում: Իսկ թե որքանով է այս սկզբունքը գործում մեր պաշտոնյաների մոտ, չենք կարող ասել: Ինչ խոսք, միմյանց հետ նրանք հաճախ են ուտուշ-խմուշներ անում, մեկնում հանգստի, իսկ ինչ կլինի, եթե ասենք, վաղը չէ մյուս օրը նրանցից մեկը պաշտոնանկ արվի, չենք կարող ասել ոչ մեկս:
Բնականաբար, քաղաքականության մեջ ընկերությունը մի փոքր այլ է. պաշտոն ունես, ընկերս ես, իսկ եթե այլևս չունե՞ս…այսօր նույն ճամբարից ենք, վաղը` ոչ, իսկ թե այդ դեպքում ինչպես կդասավորվի երկու ընկերների ճակատագիրը` հարց է:
Եթե հասարակ մարդկանց մոտ գոյություն ունի ընկերական շրջապատ ասվածը և գործում է «մեր լավ ախպոր լավ ախպեր» սկզբունքը, ապա պաշտոնյաների մոտ մեկի «լավ ախպերը» կարող է լինել մյուսի «լավ ախպոր» թշնամին:
Ինչևէ, թողնենք այս բարդ շարահյուսությունն ու անցնենք իրական օրինակներին:

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ջերմ ու մտերմիկ ընկերության մասին գիտեն բոլորը: Նրանք այնքան մտերիմ են, որ Ռուբեն Հայրապետյանը հրապարակավ հայտարարել էր, որ պատգամավորի թեկնածու կառաջադրվի, եթե իրեն այդ մասին խնդրի ընկերը` Սամվել Ալեքսանյանը:
Հարուստ ընկերները նաև միմյանց ճոխ նվերներ են անում անգամ առանց առիթի: Օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը Ռուբեն Հայրապետյանի որդուն վերջերս շքեղ ավտոմեքենա էր նվիրել:

Գեներալներ Սեյրան Սարոյանի և Մանվել Գրիգորյանի ընկերությունը գալիս է շատ վաղուց, երբ նրանք դեռևս մարտի դաշտում կռվում էին հանուն հայրենիքի: Մինչ օրս երկու գեներալներն անբաժան ընկերներ են, անգամ ԱԺ-ի միջանցքներում միմյանց հետ են շրջում:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շատ մտերիմ է «Տաշիր Գրուպ»-ի նախագահ, ռուսաստանահայ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի հետ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի ընկերությունը ոչ ոքի համար էլ նորություն չէ: Նրանք բացի մտերիմ ընկերներ լինելուց նաև խնամիներ են: Հենց այս բարեկամական կապն էլ բազմաթիվ անգամներ դառնում է քննարկման առարկա, քանի որ երկուսը տարբեր քաղաքական ճամբարներում են գտնվում:

Հովիկ Աբրահամյանի մոտ ընկերներից է նաև ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընկերություն է անում «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի հետ:

ՀՀԿ երիտասարդ պատգամավոր Կարեն Ավագյանի մտերիմ ընկերը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ու Աշոտ Աղաբաբյանը բարեկամական կապ ունենալուց բացի նաև շատ մտերիմ և հին ընկերներ են: Նշենք, որ Գալուստ Սահակյանը Աշոտ Աղաբաբյանի քրոջ ամուսինն է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մոտ ընկերը ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանն է:

slaq.am

No comments:

Post a Comment