Tuesday, May 8, 2012

Ըստ Սուրիկ Խաչատրյանի, ժողովուրդն անասուն է

Արդեն վերջացած նախընտրական քարոզարշավի ամենակարկկառուն դեմքերից մեկն անկասկած Սյունիքի մարզպետ, տխրահռչակ Սուրի Խաչատրյանն էր, ով մինչ այդ էլ պարբերաբար աչքի էր ընկնում իր հաճախ ապօրինի գործողություններով։ Հետընտրական ժամանակահատվածում հասարակության ուշադրությունը կրկին բևեռվել է Խաչատրյանի գործունեության վրա, քանզի Սյունիքում ՀՀԿ-ն գրանցել է աննախադեպ բարձր տոկոսներ (նախնական տվյալներով՝ 80%) ու այն կարծիքը, որ Սուրիկ Խաչատրյանի «մատը խառն է» այդ աննախադեպ տոկոսի հարցում, կարելի է ասել, որ համատարած է։
Այս և այլ հարցերի մասին Սյունիքի մարզպետի հետ զրուցել է «Հրապարակ» թերթի թղթակիցը։ Մեջբերում եմ հարցազրույցը.

Համամասնական ցուցակում անցողիկ տեղում եք, հիմա խորհրդարա՞ն եք գնալու, թե՞ մնալու եք մարզպետի պաշտոնում:

- Ես մնալու եմ մարզպետ: Ես ուզում եմ ժողովրդին ծառայել:

Բայց ժողովուրդն այն կարծիքին է, որ Սյունիքը ձեր լծի տակ է, վախի մթնոլորտ եք ստեղծել:

- Հիմա տեսաք, չէ՞, էդ ասող-խոսողները մեկ-երկու անասուն են: Դուք տեսաք, չէ՞, թե ժողովուրդը ոնց ա ինձ հարգում ու սիրում: Արդյունքը սա էր: Հաջող ընտրությունները մեր լավ փոխհարաբերությունների արդյունքն էր, էլ ավելի լավ ի՞նչ եք ուզում:

Այս դեպքում ինչո՞ւ է ողջ Հայաստանում այն տպավորությունը, թե սյունեցիները Ձեր լծի տակ են ապրում:

- Դա մեկ-երկուսի կարծիքն ա, իսկ ընտրությունների արդյունքը ցույց տվեց, որ մարզպետ-ժողովուրդ ջերմ հարաբերություններ են: Եվ այդ վստահության արդյունքում երիտասարդ տղան ընտրվեց, որովհետև ժողովուրդը վստահեց մարզպետին, և էս պայմաններում չեմ կարծում, որ նման հարցերը տեղին են:

Պարոն Խաչատրյան, ճի՞շտ է, որ հարյուր հազար դոլարի վրա գրազ եք եկել, որ ՀՀԿ-ի օգտին 80 տոկոս ապահովելու եք:

- 80 տոկոս ապահովել եմ, իմ ծննդավայրում եղել ա 79 տոկոս, իսկ 100 հազարը որ կրեմ, կեսն էլ քեզ եմ տալու…

Սիլվա Համբարձումյանի հետ Ձեր հարաբերությունները հարթվեցի՞ն:

- Էդ արդեն քեզանից պիտի հարցնեմ, դու ավելի լավ կիմանաս:
Փաստորեն ի՞նչ է ստացվում, եթե հետևում ենք պարոն Խաչատրյանի տրամաբանությանը. Սուրիկ Խաչատրյանին քննադատում են միայն անասունները, եթե քննադատում ես նրան, ուրեմն անասուն ես, իսկ քանի որ գոնե ես դեռ չեմ տեսել մի մարդու, ով չքննադատի Սուրիկ Խաչատրյանին ու չհամարի, որ Սյունիքը գտնվում է նրա ու նրա գերդաստանի լծի տակ, ապա ստացվում է, որ հարյուրավոր, հազարավոր մարդիկ անասուն են։
Հետաքրքիր է, ինչպե՞ս կարձաքանքի նման հայտարարություններին ՀՀԿ-ն և անձամբ նախագահը, չէ՞ որ նման փողոցային մակարդակի խոսակցությունները հարիր չեն ագամ շարքային կուսակցականին, էլ չխոսենք մարզպետի պաշտոն զբաղեցնող անհատի մասին։
Ստած չեմ լինի, եթե ասեմ, որ նաև նման հայտարարությունների շնորհիվ, հասարակությունը անհամբեր սպասում է, թե երբ է նախագահը համապատասխան հրահանգ տալու, որ պարոն Խաչատրյանը վերջապես ինքնահրկիզման դիմի.... 

1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete