«Եթե ես խորհրդարանական կառավարման համակարգի համոզված կողմնակիցը լինեի, ապա հավանաբար այն Հայաստանի Հանրապետությունում կգործեր արդեն 2005 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո, որի նախաձեռնողը հենց Նախագահն էր: Պետությունը ապաշնորհ կամ իմաստուն կարելի է ղեկավարել ինչպես նախագահի աշխատասենյակից, այնպես էլ` վարչապետի: Ինչքան ասես այդպիսի օրինակներ կան համաշխարհային պրակտիկայում: Հարցը ոչ թե կառավարման ձևի մեջ է, այլ զսպման և հակակշիռների ճիշտ համադրության, գործող քաղաքական կառուցվածքի կիրառելիության, ավանդույթների և քաղաքացիական հասարակության հասունության:
Ի դեպ, սահմանադրական հանրաքվեն նշանակալիորեն ընդլայնեց կառավարության լիազորությունները, իսկ իրականության մեջ, չգիտես ինչու, կառավարության դերը զգալիորեն նվազեց:
"Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջարկությունը ավելի շուտ արձագանք է երկրում ձևավորված` իշխանության տարբեր ինստիտուտների իրական իրավունքների և սահմանադրական պատասխանատվության հարաբերությունների ակնհայտ անհամաչափությանը: Վերջինիս երկարաժամկետ բացասական հետևանքները զգալի են արդեն այսօր: Ի դեպ, կառավարման կիսանախագահական եղանակն այդ արատն իր մեջ կրում է անգամ զարգացած ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում /օրինակ, քչերն են հիշում, թե ով էր Ֆրանսիայի վարչապետը նախագահ Սարկոզիի օրոք/:
Անձամբ ինձ համար ավելի համակրելի է ամերիկյան մոդելը, որտեղ նախագահը գլխավորում է գործադիր իշխանությունը, ուղղակի պատասխանատվություն կրելով նաև տնտեսության համար, իսկ խորհրդարանն ունի վերահսկողության հզոր լծակներ: Սակայն եվրոպական ավանդույթները պառլամենտարիզմի ավանդույթներ են, իսկ մենք եվրոպական քաղաքական գործընթացների շրջանակներում ենք: Բացի այդ, խորհրդարանական կառավարումը նշված անհամաչափությունների խնդիրը նկատելիորեն մեղմում է:
Այժմ խորհրդարանի ձևավորման 100 տոկոսանոց համամասնական կարգին անցման մասին:
Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին` ընտրատարածքների սահմաններում, ընդ որում իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման: Երևույթը չափազանց վնասակար է, և որքան շուտ դրանից հրաժարվենք` այնքան լավ: Իմիջիայլոց, հենց այդ պատճառով մեծամասնական պատգամավորների թիվը մեզանում բազմիցս կրճատվեց: Ափսոսում եմ, որ ես չավարտեցի այդ գործընթացը: Ինչո՞ւ չավարտեցի: Հասարակ պատճառով. իշխանությունն ուզում էր "ֆորա" ունենալ միամանդատ ընտրատարածքներով:
Ես համաձայնեցի այս փոքրիկ հարցազրույցը տալ և հստակ արտահայտել այդ կարևոր հարցի նկատմամբ իմ վերաբերմունքն առաջին հերթին այն պատճառով, որ եթե ես դա չանեմ, ապա սկսելու են գուշակություններով զբաղվել: Եվ հետո այն պատճառով, որ այդ հարցի նախաձեռնման հետ ես առնչություն չունեմ:
Հատկապես այն "խելամիտներին", այսինքն նրանց, ովքեր ամենուր իմ ստվերն են փնտրում, կառաջարկեի` լավ բացել աչքերը, որպեսզի վերջապես տեսնեն, որ ԲՀԿ-ում հավաքվել է քաղաքական թիմ, որն ի զորու է ինքնուրույն ձևավորել կուսակցության քաղաքական օրակարգը»,-ասել է Քոչարյանը:
Tuesday, November 13, 2012
Ռոբերտ Քոչարյանը՝ 100%-ով համամասնական ցուցակների, ԲՀԿ-ի և քաղաքական իրավիճակի մասին
ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am-ի հետ զրույցում խոսել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնության մասին.
Labels:
ԲՀԿ,
ընտրություններ,
հարցազրույց,
նախագահ,
ցուցակ,
Քոչարյան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment