«Հրապարակը» գրում է, թե նախօրեին «կանյաչնիում» տեղի ունեցած ԲՀԿ հավաքից առաջ ՀՀԿ-ականները պնդում էին, որ արտերկրից վերադարձած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ վերջնական համաձայնությունը կայացել է. ԲՀԿ-ն կսատարի «գործող նախագահին»: Հայտարարությունը կլինի մինչեւ նոյեմբերի վերջ. «Օրը դեռ որոշված չէ, մինչեւ վերջ ասածն էլ խիստ հարաբերական է` այն կարող է լինել նոյեմբերի հինգին, տասին, քսանին` կերեւա. պորտֆելների եւ սահմանադրական հանրաքվեի մասին այս պահին վաղ է բարձրաձայնելը»:
ԲՀԿ նիստը, որը տեւել էր մի քանի ժամ, եւ որի մասին ԲՀԿ-ն քար լռություն է պահպանում, պարզվում է` իրականում ամենեւին էլ ինտրիգ չի պարունակել: Չնայած որոշ լրատվամիջոցների լուրերին, թե նիստում խոսվել է քաղաքական լուրջ սեգմենտների, կոշտ պայքարի, ընդդիմության միավորման մասին: «Սուտ է,- տեղեկացրեց ԲՀԿ մեր աղբյուրը,- լուրերը չեն համապատասխանում իրականությանը»:
Համենայնդեպս, նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու եւ կամ Սերժ Սարգսյանին սատարելու մասով խոսակցություն, որպես այդպիսին, նիստում չի ընթացել: Գագիկ Ծառուկյանն իր «ծերակույտին» ընդամենը հարկ է համարել տեղեկացնել, որ քաղաքական քննարկումներ իսկապես կան, այդ թվում եւ Սերժ Սարգսյանի հետ: Ուրիշ ոչինչ:Այնուհանդերձ, ներկաների տպավորությամբ` Սերժ Սարգսյանի սատարման եւ սեփական թեկնածուով հանդես գալու հարաբերակցությունը 60-40 է` հօգուտ սատարման: Խորհրդակցության առյուծի բաժինն առնչվել է ընթացիկ, կազմակերպչական հարցերին, եւ «կոշտը», ըստ մեր աղբյուրների, վերաբերել է նրան, որ Ծառուկյանը դժգոհություն է հայտնել պառլամենտում գործող ԲՀԿ երեսունյոթ հոգանոց ֆրակցիայից, որի ընդամենը յոթ հոգին են ակտիվ աշխատում, իրենց «ճղում», մնացածները չգիտես ինչով են զբաղված:
Նյութը՝ news.am-ից
No comments:
Post a Comment