Բացի այս` դիմում-նամակներ են ուղարկվել ՀՀ նախագահին, վարչապետին, Երևանի քաղաքապետին և ՀՀ գլխավոր դատախազին:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը բարձրաստիճան պաշտոնյաներին ամեն կերպ փորձում է համոզել, որ մայրաքաղաք Երևանի երբեմնի գլխավոր ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի հայտնի ստեղծագործությունն իրենից պատմա-մշակութային արժեք է ներկայացնում, ընդգրկված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների` ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկում, ուստի առանց նախագծի մեկ «վրձնի» հարվածով չի կարող քանդվել, այլ կերպ ասած` Սամվել Ալեքսանյանը ապօրինի շինարարություն է իրականացնում, ավելին` հանցագործություն:
Պարզվում է գլխավոր դատախազությունը բոլորովին էլ այդ կարծիքին չէ։«Երեկ գլխավոր դատախազությունից պատասխան ենք ստացել, թե Փակ շուկայում կատարվող շինարարական աշխատանքներում որևէ հանցակազմ չկա: Դուրս է գալիս, որ Փակ շուկան նախագիծ ունի՞ և մեզ վերադարձնելու են այնպես, ինչպես որ կա՞: Իրականում որևէ հաստատված նախագիծ չկա, այն ոչ մեկ չի տեսել: Նույնիսկ սովորական մեկ հարկանի շենք կառուցելու համար նախագիծ է հաստատվում»,-լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ճարտարապետների միության նախագահը, ում ևս չեն թույլատրում մոտենալ շուկայի տարածք և լուսանկարել, ուստի ստիպված է հեռվից դիտարկումներ կատարել: Այս պարագայում կարելի է պայծառ ապագա տեսնել Փակ շուկայի համար, ճարտարապետը նկատեց, թե այս հարցը կարող է լուծվել միայն հանրապետության նախագահի մակարդակով, ինչը եղավ Մաշտոցի պուրակի պարագայում, սակայն ճարտարապետը հույս չունի, որ «Տարոն, սիրուն չի» -ն կլսենք Փակ շուկայի դեպքում։«Քար լռություն է, գուցե անձնական խնդիրներ կան, դրա համար ոչ մեկ չի ուզում խառնվել պատկան մարմիններից, բայց նախագահը, որ ցանկանա` կարող է սրա դեմն առնել»,- հավելեց նա: Ի դեպ, չնայած սրան, Մկրտիչ Մինասյանը լրագրողի հարցին ի պատասխան ասաց, որ ընտրելու է Տարոն Մարգարյանին, որովհետև նրա աշխատանքին վատ, թե լավ գոնե ծանոթ է. «Միայն Վահագն Խաչատրյանն է աշխատել քաղաքային իշխանությունում, մնացածը չգիտես, թե ոնց կաշխատեն»:Հանդիպմանը ներկա ճարտարապետների միության փոխնախագահը ցավով արձանագրեց, որ Երևանի հանդեպ ատելություն կա, ինչի պատճառով երբեմն ամաչում է անծանոթներին խոստովանի իր ճարտարապետ լինելու փաստը։«Եթե նշանակություն չունի ճարտարապետությունը մեզ համար, ուրեմն պետք չէ վաստակավոր ճարտարապետ կոչումը շնորհել: Երևանում մենք կորցրինք մի պատմական շերտ` քանդեցինք Երիտասարդական պալատը, «Սևան» հյուրանոցը, հիմա՝ Փակ շուկան: Ոչ մի տեղ չգնալով՝ առավոտյան զարթնեցինք և ուրիշ քաղաքում հայտնվեցինք: Ոնց կարո՞ղ է մարդ այդքան իր քաղաքը ատի»,- նկատեց նա` պնդելով, որ պատմական և մշակութային արժեքների վաճառքի դեպքում պետք է դրվեն հստակ պայմաններ:
Աղբյուրը՝ HayNews.am
No comments:
Post a Comment