Ակնհայտ է, որ մոլագար մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին նախապես տեղյակ են եղել թե´ Բրյուսելում, թե´ Վաշինգտոնում եւ թե´ Երեւանում: Եվ այդ քայլը լռելյայն թույլ տրվեց, քանի որ այս երեք մայրաքաղաքներ էլ ունեին իրենց շահը` թուլացնել ե'ւ Հունգարիայի գործող իշխանությանը, ե'ւ Իլհամ Ալիեւին:
Հունգարիայի ներկայիս վարչապետ Վիկտոր Օրբանը եվրոպական ընտանիքի «աչքի գրողն» էր դեռեւս 1998-2002 թվականներից: Նրա ազգայնական եւ այլատյաց հռետորաբանությունն ու քաղաքականությունը Բրյուսելում միշտ էլ համարել են եվրոպական եւ համամարդկային հումանիստական արժեքների հետ անհամատեղելի ու վտանգավոր: Օրբանը նաեւ մեղադրվում էր ավտորիտար վարչապետական կառավարման մոդելի կիրառման համար, որի արդյունքում խորհրդարանի լիազորությունները նվազեցվել էին: 2002թ.-ին, երբ ոչ առանց Բրյուսելի աջակցության ձախերն ու լիբերալները հաղթեցին Օրբանի գլխավորած «Ֆիդեշ» աջ կենտրոնամետ կուսակցությանը (որն, ի դեպ, ԵԺԿ անդամ է)` Օրբանը բողոքեց, թե ընտրությունների արդյունքները կեղծվել են: Սակայն եվրոպական դիտորդների հայտնաբերած միակ խախտումը պետական հեռուստաընկերության լուսաբանումներում «Ֆիդեշին» ակնհայտ առավելություն տալն էր:




