Tuesday, June 19, 2012

«Տենաս տենց լոմբարդ կա՞, որ սիրտս գրավ դնեմ…». Միշո


«Տենաս տենց լոմբարդ կա՞, որ սիրտս գրավ դնեմ...»
Նկատե՞լ եք, որ չարություն կա մեր հոգում։ Ինքներս էլ դա գիտակցում ենք, բայց վախենում ենք դրա մասին բարձրաձայնել: Ամենուր ու ամեն քայլափոխի մենք բամբասում ենք, հաճոյանում, դատում ենք, եզրակացնում, քննադատում... Գնահատական ենք տալիս ամենքին ու ամեն ինչի: Այնքան սիրում ենք պիտակներ փակցնել ու բոլորի հասցեին կարծիքներ շռայլել: Բայց երբևէ նկատե՞լ եք, որ այդ ամենն անում ենք երրորդ դեմքից, ուրիշի անունից: Խոսում ենք, դժգոհում, գոռում, բայց ոչ երբեք մեր անունից: Հենց այնպես, վերացական՝ ասում են, լսել եմ, խոսում են...
Միշոն առաջինը բարձրաձայնեց այս մասին: Նա լսեց քաղաքի շրշյունն ու հասկացավ, որ «մեր քաղաքը՝ Էրևանն էլ ա խոսում: Չենք լսում: Կամաց ա խոսում, խորհուրդ ա տալի: Մեր Էրևանը, մեր մասին, մեր հետ. քաղաքը խոսում ա՝ լսեք»:

Հե՞շտ է արդյոք լինել երիտասարդ մեր դժվարին ժամանակներում: Բոլորն էլ կասեն՝ ոչ: Բայց ոչ ոք չի ասի, թե որքան դժվար է իրականում հայաստանցի երիտասարդի համար «առանց փող, առանց մեջք» բարձունքի հասնել ու ճանաչված դառնալ: «Իմ բնակավայր Մասիվն ինձ համար մի ամբողջ հանրապետություն էր, որի սահմաններից դուրս չէի էլ ուզում պատկերացնել՝ ինչ կա», – ասում է Միշոն ու թախծոտ աչքերով ավելացնում. «Չգիտեք ինչ եմ զգում, որ քուչից հասել եմ ստե»:
«Էս պրոբլեմին, տղերք, հաստատ շատ մարդ ա ձեզնից ռաստվել, շատ մարդ ա հիասթափվել, շատ մարդ ա տանջվել... Ես ձեզնից մեկն եմ»: Նա խոսում է կյանքի, երիտասարդ մարդու այսօրվա, նրա կենցաղի մասին: Միշոն ընդամենը բարձրաձայնում է հասարակության մեջ արմատացած քաղքենիության, ցանկասիրության, շվայտության, նյութապաշտության, նախանձի ու խանդի մասին՝ պարսավելով դրանք ու խարազանելով դրանց կրողներին: Թող որ Թուփակի պես դա անում է ուրույն, բայց իր սերնդակիցների համար միանգամայն ըմբռնելի ու ընկալելի ձևով:
Ռեփ մշակույթը նաև դաստիարակչական գործառույթ ունի: Այն խրատական չէ, ինչպես մեծահասակների հորդորները, ներկայացված է իրական կյանքից վերցրած օրինակներով, ուստի առավել թիրախային է, առավել ազդեցիկ ու արդյունավետ:
Միշոն խոսում է պարզ ու հասարակ, առօրեական խնդիրներից, բարձրաձայնում է այն, ինչ բոլորս գիտենք, ինչի մասին մտածում ենք, խուլ հառաչում ու մունջ տրտնջում: Բայց չենք հանդգնում ասել այդ մասին, չենք ուզում խոստովանել ինքներս մեզ, որ սա է իրականությունը, որից չես փախչի: Ամենակարևորը՝ խոսում է հասու լեզվով, ընկալելի խոսքերով ու ճիշտ շեշտադրությամբ, ինչպես Թուփակն էր անում, ինչով էլ գերում է «նոր ջահելությանը»...
 Միշոն գիտի իր կշիռը: Սիրահարված լինելով հանդերձ՝ երբեք չի գերագնահատում սեփական «ես»-ը. «Իմ ներքինն ինձ ասում ա, որ իրան ես արժանի չեմ»: Մասիվցի երիտասարդը, որ «չունի բրասլետ, չունի մաշնա, ունի հարուստ սիրտ, բայց ջեբը փող չկա», գիտի, որ մեր օրերում սերը տոկոսով էլ է լինում ու լոմբարդ է փնտրում, որ սիրտը գրավ դնի...
Նրան սիրում են խենթի պես: Նրան ատում են կուրորեն: Նրան նախանձում ու խանդում են: Միջանկյալը չկա: Երրորդը տրված չէ: Բայց բոլորը համակարծիք են՝ Միշոն երևույթ է մեր իրականության մեջ: Փոփ արվեստի բնագավառում նա նոր ուղղություն հիմնադրեց և ունեցավ տասնյակ հազարավոր երկրպագուներ:
Միշոն հանդուգն մարտահրավեր նետեց «հաբռգած մամայի բալեքին», որոնց տեսնում ենք ամեն քայլափոխում, բայց լուռ համակերպվում ենք՝ մոռանալով, որ հենց նրանք են ապականում հասարակությունը: Շատ շուտ հասկանալով, որ «կյանքն այդպիսին չէ, մենք ենք այդպիսին», Միշոն փորձեց կյանքի ճշմարտությունը ներկայացնել «պանյատներով», որոնք, երբեմն, ավելի արդարամիտ են, քան հասարակության գրված ու չգրված օրենքները:
Նրան կարելի է մեղադրել, քննադատել, խարազանել, բայց նրա բառերը (նույն ժարգոնով, նույն շեշտադրությամբ) գործածում են բոլորը՝ համատարած, ամենուրեք: Առողջ հասարակությունն առանձնանում է նրանով, որ չի վախենում իր ներքին խնդիրները վեր հանելուց: Ընդհակառակը՝ փորձում է ինքնամաքրվել՝ բուժելով սեփական ախտերը:
Միշոյի հաջողության գաղտնիքը նրա անկեղծության մեջ է: Նա անկեղծ է, ինչպես Թուփակն էր անկեղծ: Իսկ երիտասարդությունն անկեղծություն է տենչում: Թվում է՝ նա վազում է ալիքների վրայով՝ խիզախորեն հարթելով իր սեփական արահետը ճշմարտություն որոնողների մեր խելահեղ մրցավազքում...
Հ.Գ. Արդարության առաջ չմեղանչելու համար ասենք, որ հայկական ռեփի հիմնադիրների շարքում, Միշոյի անվան կողքին, պետք է հիշատակել ևս մեկին, ում ներդրումը հայկական ռեփ մշակույթի ձևավորման գործում անուրանալի է: Բայց այս մասին հետո՝ «Մութ ա քաղաքում, ու թաքուն ծնվում ա մի նոր պատմություն...»:
Միշո (Միքայել Աբրահամյան)
Ծնվել է 1984թ. դեկտեմբերի 24-ին Երևանում, բժշկի և մանկավարժի ընտանիքում: Սովորելով մի քանի դպրոցներում՝ ի վերջո ավարտել է Երևանի թիվ 164 դպրոցը: Դպրոցական և ուսանողական տարիներին զբաղվել է բասկետբոլով: 2009թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը:
1999 թվականից սկսել է հետաքրքրվել ռեփով: Ապրելով Նորքի 7-րդ զանգվածում՝ 2000թ. իր մանկության ընկերների՝ Յոժի ու Համոյի և մորաքրոջ որդու (Սաշի) հետ միասին ստեղծում է “Selected from…” խումբը: Առաջինը Հայաստանում, որ սկսեց պրոպագանդել ռեփը: Նրանց կատարումները հնչում էին հայերեն և ռուսերեն տեքստերով:
Մեկ տարի անց, առանց որևէ լուրջ պատճառի, խումբը լուծարվում է: 2001-ին Միշոն ծանոթանում է ՀՏ Հայկոյի հետ, որի հետ միասին ձեռնամուխ է լինում նոր խմբի ստեղծմանը: 2003-ի դեկտեմբերին լույս է տեսնում արդեն «Հայ Տղեք» խմբի «Հայ տղեն տղայա» առաջին կատարումը: Այս խումբը պաշտոնապես լուծարվում է 2008-ին, բայց մինչ այդ արդեն ձևավորվել էր ևս մեկ նորություն հայկական շոու բիզնեսում՝ «Հայ Թիմը»: 


Հարցազրույցը հրապարակվել է Pioner շաբաթաթերթում.

No comments:

Post a Comment