Նախագահի ռեզոնանսային ելույթից հետո, երբ նա քարը-քարի վրա չթողեց կառաարության գործունեության գեղեցիկ շղարշից, ամբողջ տեղեկատվական դաշտը սկսեց խոսել ատկատներից և դրանց «աշխարհագրությունից», սակայն այս առումով դեռևս միակ հանգամանալից ու կոնկրետ վերլուծություն-հովդածը տեսա միայն այսօր։ Խոսվում է կոնկրետ ոլորտի կոնկրետ խնդիրներից։ Շնորհակալություն Արփի Բեգլարյանին՝ հարցը հանգամանալից ուսումնասիրելու, վերլուծելու և լուսաբանելու համար.
Նյութը՝ emedia.am-իցՍերժ Սարգսյանի՝ վերջերս հիշատակված «ատկատ»–ի հոյակապ հնարավորություն է ստեղծված նաև պետական ծառայողական ավտոպարկերում։ Բացի այդ, դա ավելորդ շքեղություն է, որը, ճգնաժամից նոր–նոր դուրս եկող պետությունն իրեն թույլ տալու իրավունք չունի։Այսպես, 2012թ. պետբյուջեի նախագծով ծառայողական ավտոմեքենաների թվաքանակն ավելանում է իննով՝ հասնելով 981–ի:
Այսօր 62 աշխատակցից բաղկացած նախագահի աշխատակազմին ընդհանուր առմամբ բաժին է ընկնում 64 ավտոմեքենա, Ազգային ժողովին՝ 60, իսկ Կառավարության 282-հոգանոց աշխատակազմին 81 ավտոմեքենա։ ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին սպասարկում են «BMW 750» մակնիշի ավտոմեքենաները, իսկ Հանրապետության նախագահին՝ Mercedes S 600–ը։
Ֆինանսների նախարարությունն ունի 18, ԱԻՆ–ը՝ 19, Տարածքային կառավարման նախարարությունը՝ 10, Էկոնոմիկայի նախարարությունը՝18, Դատախազությունը` 91, իսկ ՊԵԿ–ը` 79 ավտոմեքենա:
Ազգային ժողովն ունի՝ երկու «Տոյոտա Պրադո», 17 «Տոյոտա Քեմրի», 4 «Տոյոտա Կորոլլա», հինգ հատ «31 02»՝ 14, «31 10», երկու հատ «Վազ 21 104» (Ժիգուլի), երկու հատ «Վազ 21 21» և մի շարք այլ ավտոմեքենաներ։ Ընդհանուր առմամբ 60 ավտոմեքենա։ Նշենք, որ «Տոյոտա Կորոլլաները» քշում են խմբակցությունների ղեկավարները, իսկ «Տոյոտա Քեմրիները»՝ հանձնաժողովների նախագահներն ու ԱԺ նախագահի տեղակալները։
ՀՀ ԱԺ նախագահին, բացի իր՝ «BMW 750» մակնիշի ավտոմեքենայից սպասարկում են ևս երկու «Տոյոտա Պրադո» ջիփեր։
Գալիք տարում միայն մեկ ծառայողական մեքենայի պահպանման տարեկան ծախսը հաշվարկվել է 1,2 մլն դրամ։ Բոլոր երկրներում, այդ թվում, Հայաստանում, այդ գումարները վճարվում են քաղաքացիների հարկերից։ Բնական է, որ ցանկացած պետություն ծառայողական ավտոմեքենաների համար գումար է հատկացնում, բայց խնդիրը նրանում է, որ Հայաստանում դեռևս ամբողջովին կանոնակարգված չեն ծառայողական մեքենաներից օգտվելու չափանիշները, իսկ առկա չափանիշներն էլ միևնույն է Հայաստանի նման փոքրիկ ու ոչ հարուստ երկրի համար, բավական ծախսատար են։
Հայաստանում, այս հարաբերությունները կարգավորված են մասամբ՝ 2008թ. հուլիսի 24-ի ՀՀ կառավարության կողմից ընդունված ՀՀ պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առանձին չափորոշիչների վերաբերյալ որոշմամբ, որի համաձայն պետական ծառայողները բաժանվել են 4 խմբի։
Օրինակ, Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները, ՀՀ Նախագահի, ՀՀ ԱԺ–ի և ՀՀ կառավարության կողմից նշանակվող գործադիր իշխանության մարմինների ղեկավարները, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալները, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը, ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական ավտոմեքենաների շարժիչի աշխատանքային առավելագույն ծավալը պետք է լինի 3,5լ, առավելագույն գինը՝ 13մլն դրամ, իսկ երաշխիքային սպասարկման նվազագույն ժամկետը՝ 36 ամիս։
Երկրորդ խմբի քաղծառայողների ավտոմեքենաները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին. շարժիչի աշխատանքային առավելագույն ծավալը պետք է լինի 2,2լ, առավելագույն գինը՝ 10 մլն դրամ, երաշխիքային սպասարկման նվազագույն ժամկետը՝ 24 ամիս։
Երրրորդ և չորրորդ խմբի քաղծառայողների ավտոմեքենաների չափորոշիչներն էլ հետևյալն են. շարժիչի աշխատանքային առավելագույն ծավալը՝ 1,8լ, առավելագույն գինը՝ 8,5 մլն դրամ, երաշխիքային սպասարկման նվազագույն ժամկետը՝ 18 ամիս։
Զարգացած երկրներում, որտեղ զարգացած է նաև ավտոմոբիլային արտադրությունը, ծառայողական մեքենաները հիմնականում տեղական արտադրության են։ Այդպես է օրինակ Ֆրանսիայում, որտեղ, երկրի նախագահին սպասարկում է տեղական արտադրության «Citroën» մակնիշի ավտոմեքենան, ոստիկանությանը՝ «Peugeot»-ի ավտոմեքենաները։ Դե իսկ Գերմանիայի մասին խոսելը, թերևս ավելորդ է։ Պետական կառույցներում տեղական արտադրության մեքենաներին անցում կատարել ցանկանում են նաև Ռուսաստանն ու Չինաստանը։ Այս երկու երկրների ավտոմեքենաներն, ի դեպ, այնքան էլ չեն առանձնանում բարձ որակով, բայց կառավարությունը, միևնույն է նման մտադրություն ունի, քանի որ, առաջին հերթին դա խթանում է ներքին արտադրողին, երկրորդ՝ էժան է ու այնքան էլ ծանր բեռ չի դառնում հարկատուների ուսերին։
Ռուսաստանում, բացի այն, որ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ նախատեսվում է ծառայողական մեքենաները փոխարինել հայրենական արտադրության մեքենաներով, նախատեսվում է նաև կրճատել պետական ծառայողների մեքենաների քանակը՝ ավելացնելով պետական ծառայողների սեփական մեքենաների օգտագործումը։
Չինաստանում, այս տարի արդեն, պետական գնումներից ամբողջովին բացառվել են արտերկրյա արտադրության ավտոմեքենաները, իսկ կառավարական ավտոպարկում լինելու պատվին արժանացել են՝ «Great Wall» և «Dongfeng Automobile» ընկերությունները։ Եթե հաշվի առնենք, որ 2010թ. Չինաստանը ծառայողական մեքենաների վրա ծախսել է 12 000 000 000մլրդ դոլար, ապա, մոտավորապես կարելի է պատկերացնել այն գումարը, որը կկորցնեն «Audi»–ն, «Volkswagen»–ը, «Mercedes»–ը, «GM»–ը և այլն։
Ցավոք, տեղական արտադրության ավտոմեքենաներով պետական ավտոպարկերը համալրելու հնարավորություն Հայաստանը չունի, եթե ունենայինք էլ, դժվար թե մեր պաշտոնյաները համաձայնեին «ԵրԱԶ» քշել։ Հնարավորության բացակայության պայմաններում, միակ միջոցը, կառավարության կողմից սահմանված չափորոշիչները նվազագույնին հասցնելն է։ Բացի ՀՀ նախագահից, վարչապետից և ԱԺ նախագահից, մնացած պաշտոնյաների մեքենաները պետք է լինեն հնարավորինս համեստ։ Օրինակ, ինչո՞ւ է վերոնշյալ անձանց հետ միասին, 13մլն դրամանոց ավտոմեքենա տրամադրվում նաև վճռաբեկ դատարանի կամ Վերահսկիչ պալատի նախագահներին։ Հետևաբար, առաջին խմբին պատկանող պաշտոնյաներից շատերին կարելի է տեղափոխել երկրորդ խումբ, կարելի է կրճատել այն պաշտոնյաների թիվը, որոնց ծառայողական մեքենա է հասնում և այլն։ Չէ՞ որ այս ամենին գումարվում են նաև բենզինի ու տեխնիկական սպասարկման գումարները։
Ցանկության դեպքում լուծումներ միշտ էլ գտնվում են։ Պետք չէ մոռանալ նաև, որ պետական գնումները պետբյուջեի «փողերն ուտելու» ամենահոյակապ տեղն է, ինչում էլ վերջերս ևս մեկ անգամ լավագույնս ապացուցվեցինք (Վերահսկիչ պալատի 2011թ. հաշվետվությունը, Սերժ Սարգսյան–Կառավարություն խորհրդակցությունը):
Ո՞վ է այն վերահսկում։ Եկեք պատկերացնենք, թե ավտոմեքենայից մինչև զուգարանի թուղթ գնելու համար բյուջեից որքան գումար է ծախսվում։ Իսկ այդ բոլոր ծախսերը հիմնականում հարկատուն է հոգում։ Հենց դա է պատճառը, որ ձևավորված քաղաքացիական հասարակություն ունեցող երկրներում քաղաքացիները՝ հարկատուները բողոքում են անգամ գիշերային ժամերին քաղաքի լուսավորման համար նախատեսված լամպերի մի փոքր ավելի երկար վառված մնալուց, քանի որ գիտեն, որ վճարելու են իրենք՝ իրենց իսկ գրպանից...
No comments:
Post a Comment