Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ասուլիսում ՀՀ նախագահի նախկին թենածու Արման Մելիքյանն ասաց, որ իրենք ապացույցներ ունեն այն մասին, որ ընտրությունները կեղծվել են: Դրանք, իհարկե, դեռ պետք է քննվեն, բայց այն, ինչը որ կա, նա միանգամայն բավարար է համարում, որպեսզի ԿԸՀ ողջ կազմը դառնա քննչական մարմինների հետաքրքրության առարկա: «Շնորհիվ «Շանթ» հեռուստաընկերության օն-լայն հեռարձակման, պարզեցինք, թե ինչ մեխանիզմով են կեղծվել ընտրությունների տվյալները»,- հայտարարեց թեկնածուն: Ըստ այդմ, ժամը 23-ին, 24-ին, 1-ին եւ 2-ին հեռուստաընկերությունը տվյալներ է հրապարակել:
«Ժամը 23-2-ի միջակայքում, ուղիղ եթերում, ինձնից գողացվեց մոտ 11 հազար ձայն: Ժամը 23-ին «Շանթն» ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ ես ունեմ երկու տոկոս ձայն: Ժամը 24-ին ունեի արդեն երեք տոկոս ձայն, ժամը 1-ի դրությամբ ես ունեի 6,1 տոկոս ձայն, ձայների քանակն էլ 11 հազար էր, ավելի: Ժամը 2-ին ունեի 1000-ից պակաս ձայն: Ձայներս վերացվեցին եւ վերջնարդյունքը գրվեց այն, ինչ որ գրվեց»,- ասաց Մելիքյանը՝ փաստելով, որ «այս խայտառակության» հեղինակը կարող է լինել միայն ԿԸՀ-ն, քանի որ «Շանթը» առաջ էր ԿԸՀ-ի կողմից տրված տվյալներից: Հեռուստաընկերությունը տվյալները ստանում էր տեղամասերից, մշակում եւ հեռարձակում: «Դրա համար երեք ժամ մեկը մյուսի հետ չէր բռնում, որովհետեւ տեղամասերի քանակն էր տարբեր: «Շանթը» ավելի շատ տեղամասերի քանակ էր տալիս, քան ԿԸՀ-ն: Ժամը 2-ին հասկացան, թե ինչ է կատարվում եւ այդ ժամանակԿԸՀ-ի կայքն էլ հրաշքով փչացավ, կարծեմ»,- ասում է Մելիքյանը՝ հիշեցնելով այդ առիթով սոցցանցերում օգտատերերի բարձրացրած աղմուկը: Թեկնածուն ասում է, որ պատկան մարմինները սա կարող են ընդունել որպես հաղորդագրություն կատարված հանցագործության մասին: «Ես չգիտեմ ո՞ր ազնվացեղ ընտանիքի, ազնիվ ծնողների, խելացի եւ իմաստուն զավակն է որոշել, որ ինձ հատկացվելիք տոկոսները պետք է ցածր լինեն, այնքան, որ ինձ ստորացնեն դրանով, բայց չստացվեց: Թող գնան հիմա իրենց արածների հետեւանքները հետեւներից սրբեն»,- ասաց Արման Մելիքյանը: Լրագրողների դիտարկումներին՝ ճիշտ չէ՞ր, որ տեղամասերում վստահված անձինք ունենար եւ վերահսկեր ընտրությունների ընթացքը, Մելիքյանը պատասխանեց. «Ի՞նչը կանխեին՝ ԿԸՀ-ի կողմից արված կեղծիքը, էն որ մուտքային տվյալները ելքի վրա իրենք են փոխում՝ դա՞: Դա անհնար է տեղամասում բռնելը»: Մյուս դիտարկմանը, թե ի՞նչ հարց էր լուծելու 10 հազար ձայնի գողությունը, Մելիքյանն ասաց. «Ինձ համար, գուցէ ընտրագրավի»: Հիշեցնենք, որ վեց տոկոս ձայներ հավաքելու դեպքում թեկնածուին ութ միլիոն դրամ ընտրագրավը ետ է վերադարձվում:
Աղբյուրը՝ Առավոտ
No comments:
Post a Comment