Tuesday, February 26, 2013

Այսօր Սերժ Թանգյանը հանդես է եկել նոր նամակով.

Ամերիկահայ ռոք-երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը
Այսօր Սերժ Թանգյանը հանդես է եկել նոր նամակով.


«Հարգելի Պարոն Նախագահ,

Ինձ համար մեծ պատիվ է այն, որ Դուք պատասխանեցիք իմ նամակին: Ճիշտն ասած, ես չէի սպասում, որ Դուք կպատասխանեք` նկատի ունենալով իմ կողմից արտահայտված խիստ քննադատությունը: Այն փաստը, որ Դուք պատասխանեցիք, շատ ոգեւորող է:

Հարգելով Ձեզ, թույլ տվեք նկատել, որ Դուք հստակորեն չպատասխանեցիք իմ հարցերին եւ չանդրադարձաք իմ նախկին նամակում բարձրացրած խնդիրներին:

Կարծում եմ, որ Դուք մեծ աշխատանք եք կատարել Հայաստանի սահմանները ապահովելու գործում Ղարաբաղյան պատերազմից առաջացած չափազանց զգայուն եւ բարդ իրավիճակում: Եթե հիշում եք, ես գնահատել եմ Ձեր ջանքերն այդ հարցում մեր անձնական հանդիպման ժամանակ: 
Այնուհանդերձ, անվտանգությունը հարկավոր չէ վերածել քավության նոխազի մեր հայրենիքում ուշադրությունը անհավասարությունից եւ անարդարությունից շեղելու նպատակով: ԱՄՆ-ի Հանրապետականները այն արել են բազմաթիվ ընտրությունների ժամանակ եւ այժմ ոչ ոք այլեւս դրան չի հավատում:

Ես նույնպես պատասխանատվություն եմ զգում ապագա սերունդներին թողնելիք ժառանգության համար: Այդ պատճառով եմ արտահայտվում եւ անտարբեր չեմ Հայաստանի (Թեղուտ) հանքարդյունաբերության եւ շրջապատի աղտոտվածության հարցերի նկատմամբ:

Քաղաքացիները Հայաստանում բողոքում են ընտրությունների արդյունքների եւ քաղաքականության մեջ առկա անարդարությունների դեմ: Խնդրում եմ, լսեք նրանց բողոքները: Լսեք դասադուլ հայտարարած ուսանողներին եւ մի թողեք ուսումնական հաստատություններին կամ ոստիկաններին լռեցնել նրանց ձայները ի վնաս ժողովրդավարության: Նրանք Հայաստանի ապագան են:

Կաշառակերություն, անարդարություն, արտագաղթ եւ կեղծված ընտրություններ: Սրանք այն արատներն են, որոնք դատարկել են մեր երկիրը իր քաղաքացիներից` ավելին, քան ականները եւ ռումբերը: Դուք ի՞նչ եք պատրաստվում անելու այն շտկելու համար: Պատրաստվում եք արդյո՞ք համակարգը բարեփոխել:

Հարգելի Պարոն Նախագահ, խնդրում եմ հաստատել օրենքի իշխանություն մեկ ընդ միշտ, որպեսզի մարդիկ իրենց հարգված զգան օրենքի եւ դատարանների կողմից:
Հայաստանի Սահմանադրությունը եւ օրենքները լավն են: Նրանց իրագործումն է պակասում: Մենք հոգնել ենք լսելով այն ներդնողների մասին, ովքեր հեռանում են Հայաստանից թալանված, հոգնել ենք լսել անձնական շահերի համար քաղաքական  ճնշումների մասին, քաղաքական շահեր հետապնդելով լրատվական միջոցներին ենթարկեցնելու մասին, դատարաններում անարդարության մասին եւ այլն եւ այլն:

Շատերը կարծում են, թե քաղաքական մշակույթը փոխելու համար սերնդափոխություն է հարկավոր` կաշառակերությունից եւ բռնությունից ձերբազատվելու համար: Դուք կարող եք այն իրագործել հիմա:

Ձեր նամակում, Դուք ընդունեցիք, որ փոփոխություն հարկավոր է եւ, կարծեմ, առաջարկեցիք, որ մտադրված եք լուրջ քայլեր ձեռնարկել այդ հարցում, որպեսզի մենք ստիպված չլինենք եւս 20 տարի սպասել այդ ազատությանը հասնելու համար:
Դրա համար Ձեր ժողովուրդը հավերժ Ձեզ երախտապարտ կլինի, Սերժ:

Արդարադատ ազգը հզոր ազգ է, ազգ որը կարող է հպարտանալ ոչ միայն իր անցյալով, այլ նաեւ իր ներկայով:

Համաձայն եմ, որ բոլորս պետք է աշխատենք միասին Հայաստանի լավագույն ապագայի համար:

Շնորհակալ եմ հորս ուղղված ջերմ ցանկությունների համար: Ես նույնպես մաղթում եմ սեր եւ լավագույն մաղթանքներս Ձեր ընտանիքին եւ հուսով եմ ապագայում հանդիպել Ձեր թոռնիկ Սերժին:

Խաղաղություն»:

No comments:

Post a Comment