Saturday, August 4, 2012

Գիքորի ֆենոմենն օլիմպիական խաղերում. անկեղծ հարցազրույց մասնագետի հետ

Խիստ ուշագրավ, անկեղծ ու ըստ իս ադեկվատ հարցազրույց է տվել Հայկական պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Հայաստանի սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության կենտրոնի փոխտնօրեն, սպորտային բժշկության գծով պրոֆեսոր Ռաֆիկ Թորոյանը, որը ցանկանում եմ մեջբերել ամբողձությամբ.

-Պարոն Թորոյան, այս օրերին մարզասերների եւ ընդհանրապես ողջ հայության ուշադրությունը Լոնդոնում անցկացվող օլիմպիական խաղերն են, ինչպե՞ս եք գնահատում օլիմպիադայում մեր մարզիկների ելույթները:- Մեր մարզիկների ելույթները պետք է գնահատվեն այնպես, ինչպես կան, այսինքն՝ դեռ վատ են: Օլիմպիական խաղերը ոչ Եվրոպայի, ոչ էլ աշխարհի առաջնություն է, այստեղ պետք է գաղափարապես հասնել դրան, դու պիտի գիտակցես, որ դրանով հավերժացնում ես քեզ ու քո ազգը: Մի անգամ գալիս էի ինստիտուտ, դիմացիցս 12-13 տարեկան ըմբշամարտիկներ էին գնում ու իրար հետ խոսում, նրանցից մեկն ասում էր՝ ես էլ եմ ուզում չեմպիոն դառնամ, որ ինձ էլ անուն-ազգանունով մեքենա նվիրենԲայց Ռուսաստանից հանդես եկող մեր Արսեն Գալստյանը, կարծում եմ, ոչ էլ մտածում էր, որ 4.5 միլիոն ռուբլի պետք է ստանա, նա գնում էր հաղթանակի եւ գիտեր, որ մի ամբողջ պետության պատիվ է պաշտպանում:Ես շատ հաճախ եմ մարզիկների հետ զրույցում հարցնում՝ կարո՞ղ եք բացատրել, թե ինչու ահռելի Ադրբեջանն իր ահռելի զորքով չկարողացավ գրավել Ղարաբաղը, մենք հաղթեցինք, որովհետեւ գիտեինք, որ մեր հողի համար ենք կռվում: Նույնը նաեւ սպորտում է՝ ինչի՞ համար ենք գնում օլիմպիադա՝ գնում ենք, որ հաղթանակնե՞ր ունենանք:
- Այսինքն՝ հաղթանակի գաղափարը մեր մարզիկների մեջ պակա՞ս է:- Պակաս է, որովհետեւ հաղթանակի գաղափարը մինչեւ հաղթանակն է ձեւավորվում գլխուղեղում, հաղթանակը պետք է պատկերացնել, պետք է ամբողջապես դա անցնել եւ հետո նոր այդ հաղթանակը կարող եք տանել: Մերոնք փորձված մարզիկներ են, մարզիչներ, բայց ամբողջ ստրատեգիան գալիս է գլխուղեղից, դա չեղավ՝ չի աշխատում ոչ մի բան, որովհետեւ մարզիկը պիտի իմանա, թե ինչու է այդ 100 կգ-ն 5 անգամ բարձրացնում եւ ոչ 15 անգամ:
- Օրինակ Առաքել Միրզոյանի, Մելինե Դալուզյանի ձախողումներն ինչի՞ հետ եք կապում- Առաքելը լավ տղա է, բայց ես, որպես սպորտային բժիշկ, ասում եմ, որ մինչեւ 70 կգ սպորտսմենն իրավունք չունի 4 կգ-ից ավելի քաշ գցելու, որովհետեւ դրանից հետո տեսողական, վեստիբուլյար ապարատը կորցնում է իր հատկանիշները, մկանային համակարգը կորցնում է իր ունակությունները, իսկ նրանք Առաքելի քաշն իջեցրին 4 կգ-ից էլ ավելի, որպեսզի Տիգրան Մարտիրոսյանի հետ չհանդիպեն նույն հարթակում:
- Մեր մարզիկների հետ աշխատել են նաեւ հոգեբաններ, դա բավարար չի՞ եղել նրանց ոգին տեղը պահելու համար:- Ոչ, դա միանշանակ եմ ասում, ես գիտեմ ինչ հոգեբանական պատրաստվածություն է պետք. օրինակ, Մելինեն հզոր աղջիկ է, նրան ասել էին, որ դու չեմպիոն ես, Մելինեի հետ ես շատ երկար եմ զրուցել, նա շատ խելացի աղջիկ է
- Եվ շատ հույսեր էին կապում նրա հետ:- Հույսեր էին կապում, բայց ոչ մեկը չէր նախապատրաստել Մելինեին, որ մտնես՝ տաբլոյի վրա կտեսնես ինչ-որ թիվ՝ 160 կգ, իսկ Մելինեն նայում եւ մտածում է, որ ամենաշատը 150 կգ կարող է, եւ նրա գլխուղեղում խարսխային պրոցես է սկսվում, իսկ այդ ամբողջ թվերը ռազմավարություն է, խաղ:
- Մեր մարզիչներն այդ «խաղերը», «ռազմավարությունը» հաշվի չե՞ն առել:  - Մենք հետ ենք մնում՝ բերեք խոստովանենք, օրինակ, քաշ գցելու, վերականգնելու պրոցեսում: Իսկ մեր ազգն ունի շատ հետաքրքիր առանձնահատկություն, ասում են՝ մենք գիտենք ինչ ենք անում, բայց հիմա օլիմպիական խաղերին շպիոնաժ էլ պիտի անես, թե ով ինչքան, ինչպես է բարձրացնում: Ես տեսել եմ, որ Մելինեն շատ հեշտորեն 120 կգ էլ է բարձրացրել, բայց նա չկարողացավ կենտրոնանալ, 4-5 հոգի այնտեղ խոսում էին, ամեն մեկը մի բան էր ասում:
Բայց մի անգամ Մելինեն ինձ նկարագրեց իր ապրումները, երբ Փարիզում աշխարհի չեմպիոնատի ժամանակ զրո ստացավ, եւ այդ զրոն մենք չհանեցինք նրա միջից: Նա ամեն ձեռք տալուց հիշեց եւ չկարողացավ ջնջել այդ զրոն իր ուղեղից: Իմ ժամանակ աշխարհի չեմպիոն դարձավ Արայիկ Գեւորգյանը, ով 2 անգամ գնաց օլիմպիադա եւ զրո գրանցեց, ի՞նչն է պատճառը, որովհետեւ նա, ինչպես Գիքորը, քաղաքում բերանը բաց նայում էր տարբեր լեզուներով, տարբեր ազգության, տարբեր գույնի հազարավոր մարզիկների, իսկ աշխարհի առաջնությանը 16 հոգի են գալիս, որոնք քեզ ճանաչում են, եւ դու մրցում ես 16-20 հոգու հետ:
Իսկ օլիմպիադան ուրիշ է, դրա համար օլիմպիադային նախապատրաստելուց առաջ պետք է գաղափարը պատրաստ լինի: Ես դեռ 20 տարի առաջ մի հոդված էի գրել, որտեղ մատնանշել էի «Գիքորի ֆենոմենը»: Եթե հոգեանալիզով վերլուծենք, այսօր տեղի է ունենում շղթայական ռեակցիա, դեռ մի շաբաթ առաջ ես ասացի. եթե մեկը 0 ստանա, այդպես էլ կգնա: Աշխարհահռչակ հոգեբան Մոսոուլն ասել է. եթե սառույցի վրա առաջինը ընկավ, մնացած բոլորն ընկնում են: Եկեք մարզիկներին չկպնենք, ոչ էլ մարզիչներին, որովհետեւ նրանց ինչ տվել են, այն են անում:
- Մարզասերների համար վիրավորականն այն էր, որ մեր մարզիկները կարծես չէին էլ պայքարում, ջանք էլ չէին թափում, մինչդեռ ցանկացած պայման նրանց համար ապահովված էր:    
 

- Պայմանները կապ չունեն, մեր հավաքականի տղաներին ես առանձին-առանձին ճանաչում եմ, բոլորն էլ մեծ ձգտում ունեն հաղթելու, նրանք չեն ունեցել խնդիր, որ, ասենք, հացն է պակաս եղել կամ ջուրը, այդ բոլոր խնդիրները լուծվել են, ստացվում է՝ մենք թերացել ենք մարզման հոգեբանական դրվածքի մեջ, այդ մարդկանց հոգեբանական խնդիրները չենք լուծել: Ինձ ասացին, որ հոգեբաններ են աշխատել, մեր դրոշակակիր Արմանին հարցրեցի՝ ի՞նչ էին խոսում, ասաց՝ չհասկացա, թե ինչ էին խոսում….: Սպորտային բժիշկը, որպեսզի թիմ մտնի, պիտի ապրի թիմի հետ, որ թիմն էլ քեզ հարգի, հարգեց՝ քո տված անալգինը երկու անգամ օգուտ կբերի, չհարգեց՝ չի խմելու:
- Մեկ ամիսը բավարա՞ր չէր հոգեբանական օգնության համար- Մեկ ամիսը շատ քիչ է, դու պիտի երկար աշխատես, իմանաս անգամ՝ նրա մայրը ոնց է ծննդաբերել, ցավերո՞վ է ծննդաբերել, թե՞ ոչ, քանի անգամ է սրսկվել. դրանք շատ կարեւոր են, ես որպես բժիշկ եմ ասում: Բայց բոլորը պնդում են, որ իրենց տղան հանճարեղ է, իսկ այդպես չի լինում: Սպորտը շատ բազմերանգ, բազմաբնույթ սոցիալական վիճակ է, որին պետք է մոտենալ բոլոր կողմերից: 7-8 տարի առաջ Ռուսաստանն առաջինը ի՞նչ արեց՝  նստեցրեց իր մարզիկներին ու հիմնը սովորեցնել տվեց, այսինքն՝ մինչեւ մենք չհասկանանք ում համար ենք կռիվ անումեթե մեկ ռուբլու համար ենք կռիվ անում, կասենք՝ հաշվենք այդ մի ռուբլին էլ չկար: Ես շփվել եմ տասնյակ տարիների օլիմպիական չեմպիոնների հետ եւ գիտեմ, որ այդ հանգամանքը ոչ մեկի համար խթան չէ:
- Այսինքն՝ մեզ մոտ շեշտը ճիշտ չի՞ դրվում:- Այո, դպրոցից սկսած՝ մենք շեշտը ճիշտ չենք դնում, մենք ֆիզկուլտուրայի միջից հանել ենք գաղափարը, թողել ենք մեխանիկական վարժությունները, որն ուղեղը չի ընդունում: Մենք այսօր պիտի մտածենք՝ ունե՞նք այն մարզիչը, որ կարող է օլիմպիական չեմպիոն պատրաստել, այս բոլորն իմանալով՝ գտնում եմ, որ մենք այդտեղ թերացել ենք եւ չունենք այդ մարզիչը, որը կարող է օլիմպիական չեմպիոն պատրաստել:
Ռուսաստանը չուներ, խոստովանեց, ձյուդոյից բերեց Ֆոգելին, հասարակ մի բան ասեմ ձեզ, 20 տարի առաջ Ամերիկայում սուսերամարտ չի եղել, Օդեսայի սպորտդպրոցի տնօրենը գնացել է Ամերիկա եւ իր ավտոտնակում սկսել է պարապել իր հարեւան երեխաների հետ, ու հիմա արդեն 6-րդ օլիմպիական չեմպիոնն են տալիս, այսինքն՝ մեկը կարողացել է այդ գաղափարը դնել եւ գնալ առաջ:
- Մեզ մոտ այդ գաղափարը ո՞վ պետք է դնի՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, մարզիչները, ֆեդերացիայի նախագահը….        - Եկեք չանձնավորենք, այդ գաղափարը պետք է աշխատեցնի եւ Ծառուկյանը, եւ ինստիտուտը, այդ գաղափարը պետք է ներքեւից հրվի, ոչ թե վերեւից, իսկ գաղափար ներդնելը խաղուպար չէ:
- Այդքանով հանդերձ, օլիմպիական խաղերի շարունակության ընթացքում ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ, գոնե բրոնզի հույս փայփայե՞նք:- Ինձ թվում է՝ այդ սպասելիքները կիրականանան, կունենանք մեդալ: Բայց այնտեղ պետք է այդ շղթայական ռեակցիան կտրել, այսօր Արա Խաչատրյանն է ելույթ ունենալու, եւ ես Արայից էլ եմ վախենում, որովհետեւ վերջին 3 տարիներին ոչ մի տեղ ելույթ չի ունեցել (մեր զրույցից հետո տեղեկացանք, որ Արա Խաչատրյանն էլ է 0 ստացել՝ Ս.Ա.), նույնը կարող է Նորայրի հետ լինել, հասկանում եք՝ այդ զրոն ականջիցդ կախված է, դա խնդիր է, որի վրա աշխատել է պետք, մարզիչը ոչ մի բան չի կարող անել:
Հոգեբանների մոտ հետաքրքիր հասկացողություն կա, նրանք հոգեբուժարանում բուժում են բոլորին, ասելով՝ դու վախենում էիր հավից, դու այլեւս հավ չես, դու հասկացա՞ր, որ հավ չես: Ես հասկացա, որ հավ չեմ, բայց աքլորը հասկացա՞վ, որ ես հավ չեմՍա շատ կարեւոր հանգամանք է: Նորից եմ ասում՝ մենք հետ ենք մնացել: Շուտով կվերջանա օլիմպիադան, իսկ Ռուսաստանն արդեն սեպտեմբերի վերջերին հրավիրում է ամբողջ Եվրոպայից գիտնականների, այդ թվում նաեւ ինձ, եւ ունենում են զրույց ապագա օլիմպիադային պատրաստվելու համար, որը կայանալու է Ռիո դե Ժանեյրոյում:
- Իսկ մեզ մոտ օլիմպիադային պատրաստվելու համար քանի՞ ամիս առաջ են նման խորհրդակցություն հրավիրում:- Ես չեմ հիշում, կարող է հրավիրել են, ես չեմ եղել, բայց չեմ կարծումես նորից եմ ասում՝ օլիմպիական խաղերում մարզիկի պատրաստումը մի հոգու բան չէ. կա հոգեբան, բժիշկ, մերսող, մի քանի մարզիչներ, ովքեր կողքից են նայում, այսօր ով ունի նման հնարավորություն, օլիմպիական չեմպիոն է դառնում, ով չունի, ուրեմն անտեր Գիքորի նման գնում է օլիմպիադա:

Հուսով եմ, որ այն մարդիկ, ովքեր մոռացել են, որ իրենք պատասխանատու են ոչ միայն մեր մարզիկների հաջողությունների, այլ նաև անհաջողությունների համար, ևս իրեննց մեջ այնքան ուժ ու խոհեմություն կգտնեն, որպեսզի ընկալեն իրեննց բաժին մեղքն ու սխալը և ճիշտ հետևություններ կանեն։ Թող այս հարցազրույցն էլ լինի չափորոշիչ և օրինակ նրանց համար։

No comments:

Post a Comment