Գյումրու նախկին եւ ներկա քաղաքապետերը «փոխհրաձգության» մեջ են: Վարդան Ղուկասյանը հարցազրույց էր տվել Գյումրիի Ցայգ հեռուստաընկերությանը, որին պատասխանել էր ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու կրկին հիշեցրել Վարդան Ղուկասյանի կառավարումն ու թույլ տված չարաշահումները, քաղաքային ֆինանսների անարդյունավետ ծախսը եւ այլն: Վարդան Ղուկասյանն էլ պատասխան հայտարարությամբ էր հանդես եկել՝ Բալասանյանի հասցեին քաղաքական ու անձնական որակումներով համեմված:
Երեւի թե շատերը սպասում են, թե ինչպես կարձագանքի այս անգամ Սամվել Բալասանյանը:
Բայց կարեւորն իհարկե դա չէ: Եվ դա թերեւս երբեք էլ կարեւոր չի եղել: Գյումրիի պարագայում վաղուց արդեն կարեւորը մեկ այլ բան է, որի առումով սպասվողը իրավապահների արձագանքն է:
Երբ Վարդան Ղուկասյանը թողեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնն ու այն ստանձնեց Սամվել Բալասանյանը, նոր քաղաքապետը հայտարարեց, թե քաղաքային բյուջեն պարզապես դատարկվել է եւ պարտքեր կուտակել առաջիկայի համար: Բալասանյանը հայտարարում էր, որ օտարվել են հողեր գրեթե ջրի գնով, կատարվել են ծախսեր, որոնք արդարացված չեն, եւ այլն, եւ այլն:
Դրանից հետո, իրավապահ համակարգն առնվազն պետք է քննություն սկսեր եւ փորձեր պարզել, թե ինչ է կատարվել Գյումրիում: Իրավապահները լուռ էին: Զարմանալի էր նաեւ նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանի կեցվածքը, քանի որ նա էլ կարծես թե առանձնապես ջանքեր չգործադրեց, որպեսզի հարցով սկսեն զբաղվել իրավապահներն, ու պարզ լինի, թե ինչ է կատարվել Գյումրիի քաղաքային բյուջեի հետ:
Նախկին եւ ներկա քաղաքապետերի փոխադարձ մեղադրանքների նոր բռնկումը վերստին առաջ է բերում հարցը՝ ի վերջո երբ են միջամտելու իրավապահները: Չի բացառվում, որ Վարդան Ղուկասյանի արձագանքը Սամվել Բալասանյանին, վկայում է այս անգամ արդեն իրավապահների իսկապես հնարավոր միջամտության մասին: Բանն այն է, որ Վարդան Ղուկասյանը, արձագանքելով իրեն պատասխանած եւ քաղաքային կառավարման ժամանակաշրջանը կրկին հիշեցրած Սամվել Բալասանյանին, ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ է հաղորդում «բանավեճին»:
Սովորաբար, քրեաօլիգարխիկ համակարգի օդիոզ դեմքերը միմյանց հետ հրապարակային փոխհարաբերություններում այդ միջոցին են դիմում այն դեպքում, երբ անմիջականորեն վտանգ են զգում օրենքից: Այլապես, դժվար է ասել, թե ինչու է Գյումրիի նախկին քաղաքապետը, որի շուրջ տասնյակ քրեական պատմություններ են «շրջում», կրկին «մեջ ընկնում», տեղը հանգիստ նստելու փոխարեն:
Շիրակում նոր մարզպետ է նշանակվել՝ Ֆելիքս Ցոլակյանը, ով Շիրակի մարզ է տեղափոխվել ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնից: Հատկանշական է, որ տարիներ առաջ էլ Ցոլակյանը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը: Իսկ դա նշանակում է, որ Ցոլակյանը շատ լավ, այսպես ասած արմատից գիտե Վարդան Ղուկասյանի գործունեության մանրամասները:
Ըստ ամենայնի, այդ փոփոխությունները Վարդան Ղուկասյանի մոտ առաջ են բերել օղակի սեղմման գործընթացի զգացողություն, ինչն էլ նրան ստիպել է անցնել ակտիվ ինքնապաշտպանության, փորձելով ձեւավորել քաղաքական հետապնդման ենթատեքստ՝ իրավապահների հնարավոր ակտիվության, ընդհուպ ձերբակալության պարագայում:
Աղբյուրը՝ lragir.am
Աղբյուրը՝ lragir.am
No comments:
Post a Comment