Լեւոն, դու միշտ ասում ես, որ հանգստություն ես գտնում երաժշտության մեջ։ Մրցաշարից առաջ լինո՞ւմ է, որ կտրվես աշխարհից եւ մնաս միայն երաժշտության հետ։
Ինձ մոտ միշտ է այդպես լինում։ Ես ֆանատ չեմ, բայց երաժշտության մեջ ֆանատիզմ ունեմ։ Այն ինչ մարդիկ կոչում են «աստվածային» կամ «տիեզերական», ինձ մոտ այդ զգացողությունը գալիս է երաժշտությունից։
Ջազի սիրահար ես, բայց ո՞ր որաժշտության մեջ ես գտնում հանգստություն։
Ես չեմ առանձնացնի։ Ինձ համար Ջոն Քոլթրեյնն ամեն ինչ է։ Ես նրա երաժշտության հավատացյալն եմ։ Ես չեմ կարող ասել, թե նա ինչ երաժշտություն է նվագում, դա զգում ես քո մեջ։ Շատ եմ սիրում ֆոլկլյոր։ Եվ կարեւոր չէ, թե որտեղից է այդ երաժշտությունը՝ Հայաստանից, Աֆրիկայից, Թուրքիայից, թե Ադրբեջանից։ Վարպետը մնում է վարպետ։ Եթե քո մեջ դու գտնում ես այդ հարազատությունը երաժիշտների հետ, դա ամենագեղեցիկ բաներից է։
Լեւոն, դու միշտ հպարտանում ես քո ազգությամբ, բայց դու նաեւ կոսմոպոլիտ ես։ Լսո՞ւմ ես թուրքական եւ ադրբեջանական երաժշտություն, կամ ուտո՞ւմ ես նրանց ուտեստները։ Հայերը եւ թուրքերի միջեւ հաճախ թշնամանքը անդադառնում է նաեւ մշակույթին։
Չէի ասի, թե ես կոսմոպոլիտ եմ։ Ես շատ հպարտ եմ, որ ծնվել եմ Հայաստանում եւ ինձ հայ եմ զգում, բայց միեւնույն ժամանակ հպարտ եմ, որ կարող եմ հաճույք ստանալ՝ չնայելով շատ բաների անուններին, պիտակներին, տուփերին։ Դու կարող ես երաժշտություն նվագել, կամ ուտելիք հյուրասիրել մի մարդու եւ չասել նրան, թե որ երկրինն է դա։ Նա կարող է դրանից հաճույք ստանալ առանց հասկանալու, թե որտեղից է դա։ Ես չեմ ընդունում այն միտքը, թե սա պետք է ընդունել, սա ոչ, սա մերն է, սա նրանցն է։ Ես հպարտ եմ իմ ժողովրդով, որն ունի շատ հին պատմություն։ Շատ բաներ համաշխարհային մշակույթում հայերի միջոցով են տարածվել աշխարհում, բայց միեւնույն ժամանակ չեմ կարծում, որ մենք պետք է անընդհատ պահանջենք դրա հեղինակային իրավունքերը։ Երբ տեսնում եմ, որ որոշ ազգեր դա ունեն իրենց մեջ, կարծում եմ, որ դա այդքան էլ ցիվիլ չէ։ Պետք է հպարտ լինես քոնով, բայց պետք չէ դրանից կուռք սարքել։ Լավ է, երբ դու կիսում ես քո մշակույթը այլ ազգերի հետ, դա շատ ավելի հաճելի է։ Ես հաճախ ընկերներիս պատմում եմ կամ ցուցադրում ինչ-որ բան, ասելով՝ սա մերն է, բայց չգիտեմ՝ մենք ենք դա հորինել, թե գուցե վերցրել ենք այլ մշակույթներից, բայց դա հայկական է համարվում, այս աշխարհամասից է։ Ես նրանց այդպես էլ ասում եմ` սա այս տարածաշրջանինն է:
Ժամանակին եղել են խոսակցություններ, համահայկական շախմատային առաջնություն ակնցկացնելու վերաբերյալ, որտեղ աշխարհի ուժեղագույն հայ շախմատիստները կմրցեն միմյանց դեմ: Դու կմասնակցեի՞ր նման մրցաշարի:
Շատ լավ կլիներ, եթե նման մրցաշար լիներ: Այդ միտքը միշտ եղել է մեզ մոտ՝ Հայաստանի առաջնությունն ոժեղացնելո համար: Բայց տարվա ընթացքում լինում է, որ մենք ուղղակի ֆիզիկապես չենք հասցնում մասնակցել մի քանի այլ մրցաշարերի, քանի որ պետք է նաեւ հասցնել հանգստանալ:
Լեւոն, իսկ ի՞նչպես կարող ենք մենք օգնել քեզ:
Հայ ժողովուրդն ամեն ինչ անում է ինձ համար: Ես զգում եմ այդ ջերմությունը: Մարդիկ գնահատում են մեր աշխատանքը: Դա միշտ եղել է իմ եւ կարծում եմ՝ ամեն շախմատիստի երազանքը: Այլ երկրներում շախմատիստներին այսպես չեն վերաբերվում, ինչպես մեզ մոտ: Ես դա չեմ նկատել ուրիշ տեղ: Մեզ դա շատ հաճելի է:
Լեւոն, վերջերս twitter-ում տեղադրել էիր Արիանայի պատրաստած ամառային տոլմայի լուսանկար: Ի՞նչ այլ հայկական կերակրատեսակներ է նա պատրաստում քեզ համար:
Արիանան շատ է սիրում տարբեր բաներ պատրաստել: Մայրս նրան շատ կերակրատեսակներ է սովորեցրել պատրաստել: Ոչ հայկականներից շատ է սիրում պատրաստել բորշչ, նաեւ ընկույզով սմբուկ:
Իսկ տոմլա սիրո՞ւմ ես:
Արդեն 12 տարի ընդհանրապես միս չեմ ուտում: Մայրս ինձ համար պասուց տոլմա է պատրաստում: Արիանան դեռ դա չի սովորել պատրաստել: Դա հաջորդ քայլն է:
Փաստորեն բուսակեր ես:
Ոչ, ձուկ ուտում եմ: Ուղղակի մի պահ եղավ, որ սկսեցի մտածել, թե այդ կենդանիները, որոնց միսը մենք ուտում ենք, շատ հարազատ են մարդուն: Ես դեռ մանկուց, երբ գնում էի գյուղ, միշտ վատ էի զգում, երբ տեսնում էի, թե ինչպես են այդ գեղեցիկ կենդանիներին մորթում: Ձկներին չէի տեսնում (ծիծաղում է):
No comments:
Post a Comment