Հայկական լրատվամիջոցներով տարածվեց Ձեր շնորհավորական ուղերձը ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում 2013 թվականի փետրվարի 18-ին նախագահական ընտրությունների արդյունքում վերընտրվելու կապակցությամբ: Ձեր շնորհավորանքը տեղի ունեցավ այն պահին, երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տարածեց /2013 թ. մարտի 3/ իր միջանկյալ զեկույցը, որում ներկայացված է ընտրությունների արդյունքների նկատմամբ հասարակության անվստահությունը եւ այն հիմնավորող բազմաթիվ փաստեր եւ հիմնավորումներ, ներառյալ բարձր մասնակցության եւ Սերժ Սարգսյանի ստացած քվեների միջեւ փոխկապակցվածությունը, որը իրավամբ մտահոգություններ է առաջացնում ընտրական գործընթացի բարեխղճության վերաբերյալ: Ձեր շնորհավորանքը տարածվեց այն ժամանակ, երբ Էմնեսթի ինթերնեշնլը իր հայտարարությամբ /2013 թ. փետրվարի 28/պահանջում էր պատշաճ քննություն իրականացնել 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ կատարված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների հիման վրա:
Ես իմ մի խումբ գործընկերների եւ համախոհների հետ 2012 թ. հուլիսի 4-ին ԱՄՆ կառավարության կողմից ստացանք Համընդհանուր իրավունքների մրցանակներ, որոնց հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էր ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնը: Մենք ոգեւորված էինք ժողովրդավարական պետության կառավարության կողմից մարդու իրավունքների, ժողովրդավարության կայացման համար պայքարողներիս գործունեությանը նման աջակցության համար: Ճիշտ է, տեղական ազգայնականների կողմից արժանացանք հերթական գնահատականների` որպես ազգային շահերը դավաճանողների, գունավոր հեղափոխություն իրականացնողների, արտասահմանյան դրամաշնորհների վճարման դիմաց երկիրը հեղինակազրկողների, բայց նման որակումները մեզ խորթ չեն: Եվ դրանցով չենք երբեք ղեկավարվել մեր իրավապաշտպան գործունեության մեջ:
Սակայն Ձեր շնորհավորանքը, ակնհայտ անհամապատասխան էր այն ընտրություններին, որոնք ուղեկցվեցին խայտառակ ընտրական կեղծիքներով եւ խախտումներով:
Դուք անմիջական պատասխանատվություն վերցրեցիք ընտրական կեղծիքների համար՝ շնորհավորելով նրանց, ովքեր կեղծել են ընտրությունները եւ ովքեր անմիջական պատասխանատվություն են կրում մարդու իրավունքների ոտնահարման, համակարգված, կազմակերպված խախտումների, ժողովրդավարական արժեքների ոտնահարման եւ ոչնչացման համար: Իրադարձությունների նման զարգացման պարագայում, մենք որեւէ երաշխիք չունենք, որ տեղի չի ունենա Հայաստանի բելոռուսացման գործընթացը: Իմ մոտ հարց է առաջանում, արդյոք ես արժանի՞ եմ կրելու այլեւս «Ազատության մրցանակ»-ը, որը տրվել է ժողովրդավարական երկրի կառավարության կողմից, որի ղեկավարը ակնհայտորեն հայտնվել է ազատությունը սահմանափակողների, խրախուսողների շարքում:
Այս նամակով իմ խորը մտահոգությունն եմ արտահայտում Ձեր դիրքորոշման վերաբերյալ, հուսով եմ եւ ակնկալում եմ Ձեր մեկնաբանությունները իմ նամակում բարձրացված խնդիրների վերաբերյալ: Ձեր պատասխանից եւ մեկնաբանություններից ելնելով՝ հնարավորություն կունենամ վերջնական որոշում կայացնել»:
No comments:
Post a Comment