Monday, July 2, 2012

Պաշտպանության նախարարի ու ԳՇ պետը զգուշացրել են Ռուբեն Հայրապետյանին

Slaq.am-ը գրում է, որ միանգամից Հայաստանի երկու ամենաբարձրաստիճան զինվորականներն այսօր անդրադարձել են Վահե Ավետյանի սպանությանը ու երկու դեպքում էլ բավականին համարձակ են արտահայտվել։
Այսպես, գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն Ավետյանի հուղարկավորության արարողության ժամանակ ասել է. «Ես ուզում եմ զգուշացնել բոլորին, որ բանակին մատը չկպցնեն։ Վերջին անգամ եմ զգուշացնում «ախռաննիկներ» ունեն, զենքով մարդ ունեն... թող իրանց լավ պահեն։»

Պաշտպանության նախարարը ավելի զուսպ է արտահայտվել, սակայն տեղեկատվության առումով ավելի հարուստ բան է ասել։ Մեջբերում եմ.
«Դեպքը կատարվելուց անմիջապես հետո մենք այն դատապարտել ենք: Հարուցվել է քրեական գործ, որի ողջ ընթացքը մեր վերահսկողության տակ է: Մեզնից յուրաքանչյուրը կարող է այդպիսի վերաբերմունք ունենալ, սակայն մենք հանդուրժող ենք, եւ պետք է օրենքերը հարգենք` լինի հասարակ քաղաքացի, թե սպա, քանի որ ժամանակ առ ժամանակ հարաբերություններում կրքեր են բորբոքվում, եւ ամեն մեկը փորձում է իր «ես»-ն առաջ տանել: Լավ է, որ «Հարսնաքար»-ի ղեկավարությունն եւս այդ տեսակետին է։ Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խոսքի, այլ ոչ թե ձեռքի միջոցով, քանի որ իրավունք չունենք մարդ կորցնելու, մանավանդ զինվորականի եւ բժշկի, որը զբաղվում է մյուսների առողջական խնդիրներով:
Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ, եւ մենք փոխադարձաբար դատապարտել ենք այդ երեւույթը: Գտնում եմ, որ տվյալ պարագայում մենք չպետք է ավելորդ միջոցառումներ կազմակերպենք: Իրավապահ մարմինները զբաղվում են դրանով` գործին օրինական ընթացք տալով»։
Այսպիսով, հաշվի առնելով, որ զինվորականները հազվադեպ են իրենց թույլ տալիս ոչ պաշտոնական տոնով հայտարարություններ, կարելի է փաստել, որ սա վերջին զգուշացումներ ինչպես Ռուբեն Հայրապետյանին, այնպես էլ ցանկացած օլիգարխի, որպեսզի հանկարծ մտքներով չանցնի նման բանի կրկնություն թույլ տալ։ Ի վերջո, մեծ խելք պետք չէ, որպեսզի հասկանալ, որ բանակին զայրացնելը խիստ վտանգավոր է, որովհետև ինչքան էլ մեծ լինի թիկնազորդ, եթե դանակը հասավ ոսկորին, բանակային մի ստորաբաժանումը՝ վաշտի չափով, բավական է ցանկացած օլիգարխի հախից գալու համար։

No comments:

Post a Comment